Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ «Մթավարի արխի» հեռուստաալիքի հիմնադիր, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Նիկա Գվարամիան հայտարարել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն արժանի են Եվրամիության ընդլայնման քաղաքականության մեջ ընդգրկվելու։ «Կանցլեր Շոլցի «ԵՄ-ն Լիսաբոնից Թբիլիսի» աշխարհաքաղաքական նոր բանաձեւը պետք է ընդլայնել այսպես` «ԵՄ-ն Լիսաբոնից Երեւան»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է նա։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեք ամիս առաջ ներում շնորհեց «Մթավարի արխի» հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիային։
Վրաստանի դատախազությունը դեռեւս 2019-ի ամռանը գործ էր հարուցել այն ժամանակ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի նկատմամբ։ Նա մեղադրվում էր «սեփականության իրավունքի ապօրինի յուրացման, առեւտրային կաշառք ստանալու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ խոշոր չափերի ապօրինի եկամուտներն օրինականացնելու համար»։
2019-ից հետո Գվարամիան լքեց «Ռուսթավի 2»-ը՝ հիմնելով նոր ընդդիմադիր հեռուստաընկերություն, իսկ «Ռուսթավի 2»-ը դարձավ իշխանական: Գվարամիայի ազատազրկմանն անդրադարձան մի շարք կազմակերպություններ եւ քաղաքական գործիչներ: 2022-ի մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Չխիկվաձեի որոշմամբ՝ Գվարամիան մեղավոր էր ճանաչվել Վրաստանի քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով, ինչը ենթադրում է լիազորությունների չարաշահում։