ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն է հայտնել Հայաստանին։
Բողոքի նոտայում նշվում է, որ ՀՀ քաղաքական վերնախավում կասկածներ են ի հայտ եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում դաշնակցային կապերի նպատակահարմարության, Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ 2020-2022 թվականների մի շարք եռակողմ համաձայնագրերի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների իրագործելիության վերաբերյալ:
Փաստաթղթում նշվում է նաեւ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, դրանց թվում՝ Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Կիեւ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի մասնակցությամբ հայկական տարածքում զորավարժությունների անցկացումը:
Միեւնույն ժամանակ Մոսկվան համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը եւ Հայաստանը մնում են դաշնակիցներ, եւ գործընկերության զարգացման եւ ամրապնդման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրագործվեն ի շահ երկու երկրների ժողովուրդների: