«Ազնավուր» կենտրոնում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ «Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե. Երեւան 2023» միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը ջազի հնչյունների ներքո:
Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով տարածաշրջանում միակ, միջազգային լայն ճանաչում ունեցող միջոցառումն անցկացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ եւ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ։
Միջազգային բիենալեն նպատակ ունի խթանելու Հայաստանում գեղարվեստական տպագրությունը եւ բարձրացնելու երկրի վարկանիշը ժամանակակից արվեստի բնագավառում։ Միջոցառմանը մասնակցում են տասնյակ երկրների հարյուրավոր արվեստագետներ: Բիենալեն կշարունակվի մինչեւ նոյեմբերի 8-ը:
Սեպտեմբերի 12-17-ը Հայաստանում միջազգային փորձագետների մասնակցությամբ տեղի կունենա «Հայաստանը` տարածաշրջանում գեղարվեստական տպագրության կենտրոն» խորագրով միջազգային համաժողով։ Միջոցառման եւ դրա շրջանակում նախատեսված ծրագրերին «Ալիք Մեդիա»-ն կանդրադառնա առաջիկայում: