Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ է ներկայացրել մեջլիսի նախագահությանը:
Հայազգի պատգամավորն առաջարկել է նաեւ ցեղասպանության պատասխանատուների անունները վերացնել հանրային վայրերից եւ փոփոխություն կատարել Թուրքիայի քաղաքացիության մասին օրենքում:
Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է պատասխանատվություն ստանձնի եւ Մեծ եղեռնը կոչի իրական անունով:
«Հայոց ցեղասպանությունը այս երկրում է կատարվել, եւ Ցեղասպանության համար արդարությունը նույնպես այս երկրում՝ Թուրքիայում, պիտի հաստատվի։ Երբ Թուրքիան առերեսվի Հայոց ցեղասպանության հետ, այլեւս կարեւոր չի լինի, թե ինչ են ասում այլ երկրների խորհրդարանները։
Այս հարցը 106 տարի է՝ դառնում է այլ խորհրդարանների, այլ երկրների նախագահների քննարկման առարկա, քանի որ այստեղ այն հերքվում է: Հայ ազգի ցավը մենք պետք է բերենք Թուրքիա․ այստեղ՝ այս երկրում է այդ ցավը ծնունդ առել։ Մենք պետք է առերեսվենք հայ ազգի ցավի հետ եւ արդարությամբ փարատենք այդ ցավը»,- գրել է Փայլանը իր ներկայացրած բանաձեւի վերաբերյալ հայտարարության մեջ։