Երկու ամիս շարունակ՝ մինչեւ նոյեմբերի 8-ը, հայ արվեստասերները հնարավորություն կունենան ծանոթանալու գեղարվեստական տպագրության ոլորտում աշխարհում հայտնի փորագրանկարիչների ստեղծագործություններին: Գեղարվեստական տպագրությունը կերպարվեստում յուրահատուկ ուղղություն է. այն պղնձի, քարի, փայտի, լինոլեումի, թիթեղի եւ առավել նոր հիմքերի վրա փորագրված պատկերի՝ տպագրական հաստոցի միջոցով թղթի վրա տեղափոխելն ու արտատպելն է:
Սեպտեմբերի 8-ին մեկնարկել է «Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երեւան 2023»-ը: Գեղարվեստական տպագրության 356 նմուշներ այժմ ցուցադրվում են մայրաքաղաքի «Շառլ Ազնավուր» կենտրոնում:
Դրանք 53 երկրի 231 փորագրանկարչի՝ գեղարվեստական տպագրության բազմատեսակ տեխնիկաներով ու ոճերով կատարված թերթեր եւ փորագրանկարներ են:
Ստեղծագործողները նախնական ընտրության փուլ են անցել. բիենալեի նախապատրասական աշխատանքները սկսվել են նախորդ տարվա սեպտեմբերից: Միջազգային ժյուրին, որի կազմում են Հայաստանի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Իրանի եւ Գերմանիայի ներկայացուցիչներ, երեք ամսում ընտրել է լավագույն աշխատանքները երեւանյան մրցութային փուլի համար:
Նախորդ տարվա սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր՝ հայտերի ընդունման ընթացքում, իրենց աշխատանքներն են գրանցել 55 երկրի 413 արվեստագետներ: Ստացվել է շուրջ 1500 ստեղծագործություն:
Արդեն չորրորդ միջազգային բիենալեի կազմակերպիչը «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն է: Երեւանյան գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեի հիմնադիր, արվեստի մագիստրոս Սոնա Հարությունյանը նշում է, թե ամեն ինչ սկսվում է երազանքից: «Այս բիենալեն էլ հայ փորագրանկարիչ Արման Վահանյանի երազանքն էր»,- ասում է Հարությունյանն ու հավելում, թե այդ երազանքի իրականացումն էլ իրար շուրջ է հավաքել աշխարհի հայտնի ստեղծագործողներին:
Հիմնադիրը կարեւորում է նաեւ աջակիցների դերը՝ նշելով, թե առանց համագործակցության միջազգային այս կարեւոր իրադարձությունը չէր անցկացվի: Բիենալեի հիմնադրման օրվանից նախաձեռնությանն աջակցում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, տարբեր երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:
Բիենալեին մասնակցող արվեստագետների թվով առաջինը Լեհաստանն է՝ 46 մասնակցով, ապա՝ Հայաստանը՝ 39, Ռուսաստանը՝ 16, Ֆրանսիան՝ ութ, Ճապոնիան՝ յոթ մասնակցով:
Միջազգային ժյուրիի գլխավոր անդամը եւս Լեհաստանի ներկայացուցիչ է: Այդ երկիրը ոլորտի առաջատարն է, որտեղ կարողանում են համադրել գեղարվեստական տպագրության ավանդական եւ նոր տեխնիկաները:
Բացման արարողությանը ներկա՝ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին եւս ընդգծեց՝ Լեհաստանը տպագիր արվեստի ոլորտում շատ մեծ ու կարեւոր տեղ է զբաղեցնում, կերպարվեստի բնագավառում տպագիր արվեստը յուրահատուկ տեղ ունի եւ առանձնանում է արվեստի մյուս տեսակներից: Դեսպանը նաեւ հայտնեց իր պատրաստակամությունը՝ ընդլայնելու երկու երկրների միջեւ մշակութային ոլորտում սերտ համագործակցությունը:
Այս տարի բիենալեն առանձնանում է եւս մեկ նորարարությամբ: Դրա շրջանակում 2023 թվականի սեպտեմբերի 12-17-ը Հայաստանում եւ տարածաշրջանում առաջին անգամ կանցկացվի միջազգային համաժողով՝ «Հայաստանը՝ տարածաշրջանում գեղարվեստական տպագրության կենտրոն» խորագրով:
Երեւանում կհամախմբվեն երեսուն երկրից փորագրանկարչության ավելի քան 50 հայ եւ օտարազգի փորագրանկարիչներ՝ ներկայացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչված գեղարվեստական տպագրության ավանդական տեխնիկաները։
Փորձագետները համաժողովի ընթացքում կներկայացնեն զեկույցներ, իսկ մասնագիտական հանրությունը, արվեստի բուհերի ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային ճանաչում վայելող վարպետների եւ անվանի արվեստագետների վարպետության դասերին։
Բիենալեի՝ վերջին փուլին հասած աշխատանքների հեղինակները սեպտեմբերի 11-ին կմասնակցեն մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում էլ հայտնի կդառնան հաղթողները:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: