Բնություն, պատմամշակութային արժեքներ, կյանքի տարբեր դրվագներ ու մարդկանց պատկերող լուսանկարներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ մի կտոր Հայաստան ու շատ սեր կան։
Ապրիլի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում բացվեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողների աշխատանքների «Իմ սեր, իմ Հայաստան․․․» խորագրով ցուցահանդեսը։
Ուսանողների աշխատանքներից բացի՝ ներկայացված են նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադայի լուսանկարները։
Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը ցուցահանդեսի բացման առիթով շնորհավորեց Մանկավարժական համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին՝ նշելով, որ հերթական անգամ արվեստի հաջողված գործեր են ներկայացվում ալավերդցի հանդիսատեսին։
«Նման ցուցահանդեսները նախ մոտիվացնող են։ Եվ ուրախալի է, որ մեր աշխատանքներն արդեն արժանի են ներկայացվելու այլ մարդկանց ուշադրությանը։ Բացի այդ՝ պարտավորեցնող է, որ ավելի շատ սովորենք, ավելի շատ աշխատենք, որ ավելի մեծ հիացմունք պարգեւենք մեր հանդիսատեսին»,- ասում է Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանող Մոնիկա Նահապետյանը։
«Չկա մի չափանիշ, որին հասնելուց հետո ասես՝ վե՛րջ, բավական է։ Պետք է անդադար աշխատել, սովորել, գտնել եւ կանգ չառնել»,- ասում է ցուցահանդեսին ներկա ուսանողներից Լիանա Բալասյանը։ Նա ծնունդով լոռեցի է եւ մեծ պատիվ է համարում ծննդավայրում իր աշխատանքները ներկայացնելը։
ՀՊՄՀ Գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Երզնկյանն իր խոսքում նշեց, որ մեծ պատասխանատվությամբ են պատրաստվել Ալավերդիում բացվելիք ցուցահանդեսին։
«Թեպետ Լոռիում չեմ ծնվել, բայց ինձ լոռեցի եմ համարում։ Ինձ համար Ալավերդին եւ տեղի հանդիսատեսը միշտ տարբերվել են։ Այս ցուցահանդեսը Գյումրիից հետո այստեղ ենք բերել, իսկ ընդհանրապես ցուցահանդեսներ ենք ունեցել Շուշիում, Գորիսում, Երեւանում, Վանաձորում եւ այլ քաղաքներում։ Շրջում ենք տարբեր մարզերով ու կարծես հաշվետվություն ներկայացնում, որպեսզի մարզի բնակիչներն էլ իմանան, թե ինչ է կատարվում այս ոլորտում։ Բացի այդ՝ գուցե լինեն երիտասարդներ, որոնք կցանկանան սովորել, գեղարվեստական լուսանկարիչ դառնալ եւ կգան մեր բուհ՝ արդեն կրթություն ստանալու եւ մասնագետ դառնալու»,- ասում է Ռուբեն Երզնկյանը։
«Իմ սեր, իմ Հայաստան․․․» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողության ավարտին Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրենի շնորհակալագրով պարգեւատրվեցին Մանկավարժական համալսարանի 11 ուսանողներ, իսկ Ալավերդու համայնքապետի շնորհակալագրով՝ համալսարանի ռեկտորն ու դասախոսները։
Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներն Ալավերդիում կմնան մեկ ամիս։
Լուս.՝ Վահե Աղամյանի
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։