Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ տարի մասնակցի Ռիո դե Ժանեյրոյում Մեծ քսանյակի հանդիպմանը, նրան ձերբակալել-չձերբակալելու հարցը Բրազիլիայի դատական համակարգի որոշելիքը կլինի։ Լուլան հույս է հայտնել, որ մինչեւ 2024 թվականի նոյեմբեր՝ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք G20 գագաթնաժողովը, ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի: Սրա մասին Լուլա դա Սիլվան ասել է The Daily Star պարբերականի թղթակցին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, որտեղ նա մասնակցում էր G20-ի գագաթնաժողովին:
Նախօրեին, մինչդեռ, Բրազիլիայի նախագահը հայտարարել էր, որ անձամբ երաշխավորում է Պուտինի անվտանգությունը, եւ եթե վերջինս որոշի անձամբ մասնակցել Ռիո դե Ժանեյրոյում 2024 թվականի անցկացվելիք G20 գագաթնաժողովին, չի ձերբակալվի։ Բրազիլիայի ղեկավարը միաժամանակ կասկածի տակ էր դրել Միջազգային քրեական դատարանին Բրազիլիայի անդամակցությունը՝ նշելով, որ «զարգացող երկրները հաճախ ստորագրում են իրենց համար վնասակար փաստաթղթեր»: «Ուզում եմ իմանալ՝ ինչու ենք մենք ՄՔԴ անդամ, այլ ոչ թե ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Հնդկաստանը կամ Չինաստանը», — նշել է նա: «Ես չեմ ասում, որ մտադիր եմ դադարեցնել Միջազգային քրեական դատարանի անդամակցությունը, պարզապես ուզում եմ իմանալ, թե ինչու է Բրազիլիան ստորագրել» ՄՔԴ-ի ստատուտը»,- ավելացրել է Լուլան:
Ի տարբերություն Հնդկաստանի` Բրազիլիան 1998 թվականի Հռոմի ստատուտի մասնակից է, հետեւաբար տեսականորեն պարտավոր է ձերբակալել Ռուսաստանի նախագահին, եթե վերջինս մուտք գործեր իր տարածք: Թեւ Հնդկաստանը չի ստորագրել Հռոմի ստատուտը, Պուտինը չի մասնակցել շաբաթ եւ կիրակի օրը Նյու Դելիում անցկացված G20-ի անդամ երկրների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին: Ռուսաստանը ներկայացնում էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։