Արդեն հինգ ամիս է՝ հիմնանորոգվում է Վանաձոր – Ալավերդի — Վրաստանի սահման (Մ6) միջպետական մայրուղուց Սանահինի վանական համալիր տանող 10 կմ երկարությամբ ճանապարհը։ 2024-ին, որպես ծրագրի շարունակություն, մեկնարկելու է Սանահինից Ակներ գյուղ տանող 4 կիլոմետր հատվածի շինարարությունը։
14 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրն իրականացվում է պետության՝ 2 միլիարդ դրամ հատկացումով։ Շինաշխատանքները կատարում է AAB Construction ընկերությունը։
Ապրիլից ճանապարհի լայնացման նպատակով առաջին 3 կիլոմետր հատվածում ժայռի քանդման աշխատանքներ են կատարվել, դուրս է բերվել 40 հազար խորանարդ մետր ժայռային հանույթ։ Առաջիկա օրերին կավարտվեն Ալավերդի-Սարահարթ հատվածի վերջին ժայռակտորի հանույթի աշխատանքները։ Ճանապարհն ունենալու է 10 սմ հաստությամբ երկշերտ ասֆալտ։
AAB Construction ընկերության տեղամասից հայտնում են, որ մինչեւ տարեվերջ կկառուցվի Մ6 — Սարահարթ — Սանահին հատվածի եւ Սանահինի վանքից գյուղի «Միլ» կոչվող աղբյուր տանող ճանապարհի ասֆալտ-բետոնե ներքին՝ 6 սմ հաստությամբ շերտը։
Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ Սանահին-Ակներ ճանապարհի կառուցումը կմեկնարկի հաջորդ տարի։ Այս հատվածում նույնպես վտանգավոր ժայռեր կան, որոնք հեռացվելու են։ Կառուցվող ճանապարհի երկրորդ՝ 4 սմ հաստությամբ ասֆալտե շերտը նույնպես կփռեն հաջորդ տարի՝ ծրագրի վերջում։
Ի դեպ, նշված ճանապարհի հիմնանորոգումը պետք է սկսվեր նախորդ տարի՝ օգոստոս–սեպտեմբերին։ Սրա մասին «Ալիք Մեդիա»-ին ասել էր ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը 2022-ի մայիսին։
2021-ին կրկին պետական միջոցներով Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման մայրուղուց Հաղպատի վանական համալիր 5 կմ երկարությամբ ճանապարհն էր հիմնանորոգվել։
Նշված ճանապարհների առաջնահերթ նորոգումը կառավարությունը պայմանավորում է դրանց զբոսաշրջային նշանակությամբ․ Սանահինի եւ Հաղպատի վանքերը իբրեւ մեկ միավոր ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում։