Սեպտեմբերի 12-ին Երեւանի ավագանու նիստում ընդունված նախագծով կսահմանափակվի բացօթյա վայրերում մշակութային գործունեությունը, դրանց թվում՝ գրական, երաժշտական, պարային ելույթները։ Նշվում է, որ եթե երաժշտական միջոցառումը կազմակերպվում է 10:00-21։00-ն, բնակելի տներից, հասարակական եւ առեւտրային կազմակերպություններից պետք է պահպանվի 10 մետր, իսկ մինչեւ 23։00-ի պարագայում՝ 100 մետր հեռավորություն։ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը հայտնել է, որ կա փողոցային երաժշտությամբ հարակից շենքերի բնակիչներին չխանգարելու միջազգային պրակտիկա: Խոստացված «Ձայնի սահմանափակում»-ը ով, որքան եւ ինչ պայմաններով պիտի մտցնի՝ չի հստակեցվել:
Եվրոպայում երաժիշտների համար գործող կանոնակարգի համաձայն՝ փողոցային երաժիշտները չպետք է օգտագործեն ուժեղացուցիչներ եւ ստեղծեն, այսպես կոչված, «ներխուժող աղմուկ». 10 մետր հեռավորության վրա անգամ հնչող եւ մարդկանց զրույցին խանգարող աղմուկը համարվում է ներխուժում անձնական տարածք: Ըստ այդ կանոնակարգի՝ երաժիշտները եվրոպական մի շարք երկրներում թույլատրված հատվածում կարող են երգել ու նվագել 10:00-19:30-ը։ Բացի դրանից, այդ նույն միջազգային պրակտիկայի համաձայն, Արեւմուտքում երաժիշտները փողոցում երաժշտական միջոցառման թույլտվություն ստանալու համար պետք է ձեռք բերեն արտոնագիր: Խախտողները Մեծ Բրիտանիայում, օրինակ, տուգանվում են 1000 ֆունտ ստեռլինգով: Բեռլինում, որտեղ տուգանքները կարող են հասնել 50 հազար եվրոյի, երաժիշտները բնակելի շենքերից 20 մետր հեռավորություն պետք է պահպանեն: Կոպենհագենում սահմանված կանոններով երաժիշտներին թույլատրվում է նվագել մեկ վայրում միայն մեկ ժամ եւ օրը միայն մեկ անգամ: Հաջորդ անգամ նույն երաժիշտները նախորդ ելույթի վայրից պետք է հեռու լինեն առնվազն 100 մետր, իսկ երաժշտությունը չպետք է գերազանցի 60 դեցիբելը:
Սահմանված պահանջները չպահպանելը կառաջացնի վարչական պատասխանատվություն՝ նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկու հարյուրապատիկի չափով, իսկ նույն արարքը կրկին կատարելու դեպքում կտուգանվեն հինգ հարյուրապատիկից մինչեւ ութ հարյուրապատիկի չափով՝ գործիքների բռնագրավմամբ կամ առանց բռնագրավման։