Սեպտեմբերի 4-ին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ սեպտեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության (Հ 1) եթերում «փրայմ-թայմ» ժամին հեռարձակված հարցազրույցներում համապատասխանաբար մոտ 26 րոպե եւ 8 րոպե խոսել են Երեւանի ընտրություններից, քննադատել են ՔՊ-ի մրցակիցներին, գովաբանել Տիգրան Ավինյանին եւ դիմել նախընտրական քարոզչության այլ ձեւերի:
Արձանագրելով վերոնշյալ փաստը՝ Դանիել Իոաննիսյանը մեջբերել է ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը: Իսկ այն հստակ ամրագրում է, որ ընտրությունների ժամանակ հանրային հեռուստատեսությունը պարտավոր է ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների) համար ոչ խտրական պայմաններ ապահովել:
Իոաննիսյանը հայտարարել է, որ ելնելով վերը նշվածից՝ Հ1-ը պարզապես պարտավո՛ր է ընտրությունների մասնակից մյուս 13 կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացուցիչներին նույն «փրայմ-թայմ» ժամերին 34-ական րոպե տրամադրել՝ ՔՊ-ի ընդդիմախոսներին լրացուցիչ լուսաբանման հնարավորություն ընձեռելով: Նա շեշտել է, որ եթե այդ րոպեները նշված ուժերին չտրամադրվեն, ակնհայտ կդառնա, որ Հ1-ը խախտում է ընտրական օրենսգիրքն ու նախընտրական քարոզարշավի ընթացքում մրցակցային առավելություն է ապահովում իշխող ուժի ներկայացուցչին:
Դանիել Իոաննիսյանը զգուշացրել է, որ «Անկախ դիտորդն» ուշիուշով հետեւելու է օրենքի այդ պահանջի կատարմանը: