Խաղաղության պայմանագրի համաձայնեցման գործում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրարից։ Ազգային ժողովում պատասխանելով «որ փուլում է հիմա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ քննարկվող խաղաղության պայմանագիրը» հարցին՝ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Հայկական կողմը ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման եւ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, մեր հերթն էր դա անելու, եւ դա արել ենք։ Եվ բառացիորեն երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները»,– հայտնել է նախարարը՝ չմանրամասնելով դրանք։
ՀՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 13-ին հայտնել էր, որ Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության վերաբերյալ ՀՀ առաջարկներին։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն էլ հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված բանակցությունները ներկա պահին կանգ են առել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնեւում։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով վերջին հանդիպումը եղել է հուլիսի 25–ին Մոսկվայում։