«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը հանդիպում էր կազմակերպել Երեւանի ավագանու անդամների թեկնածուների հետ։ Հանդիպմանը ներկա էին «Հաղթանակ», «Ազգային առաջընթաց, «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից ներկայացուցիչներ:
Հիշեցնենք՝ «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Վիկտոր Մնացականյանն է, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ներկայացնում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, «Ապրելու երկիր»-ը՝ Մանե Թանդիլյանը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ Տիգրան Ավինյանը։
Քաղաքացիներից մեկը մտահոգություն հայտնեց, որ մայրաքաղաքում կան բազմաթիվ կառույցներ, որոնք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցողների համար, ավելին՝ նույնիսկ կրթական հաստատություններում նրանք խնդիրների են բախվում։ Ի պատասխան՝ ՔՊ-ից առաջադրված Ռուզաննա Երեմյանը մատնանշեց այն աշխատանքները, որ իրականացվել են այս մասով․ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները հիմա մայրաքաղաքի դպրոցներ են հաճախում, ավտոբուսները եւս հարմարեցված են հաշմանդամություն ունեցողերի համար․․․ «Ամեն ինչ միանգամից չի լինում»,- հավելեց նա։
Արձագանքելով Երեմյանին՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունից Նարինե Արամյանը նշեց, որ մեր օրերում այս խնդիրները վաղուց պիտի լուծված լինեին, որպեսզի դրանց մասին հիմա չխոսվեր: Այս դիտարկումը, սակայն, բարկացրեց ավագանու ՔՊ-ական թեկնածուին. «Մենք երկար տարիներ չենք խոսել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին, նրանց առանձնացրել ենք տարբեր դպրոցներում։ Հիմա նրանց նոր-նոր ինտեգրում ենք հասարակություն, բերում ենք դպրոց, դարձնում հասարակության լիիրավ անդամ։ Բնականաբար, այս պահին բոլոր դպրոցներն ունեն խելացի հարմարեցումների, անհրաժեշտ միջոցների, շատ լավ մասնագետների կարիք։ Համընդհանուր ներառումն ի վերջո ներդրվել է բոլորովին վերջերս, եւ մենք պիտի հարգենք այն քայլերը, որ արվում են։ Իհարկե, շատ բան ունենք անելու եւ ուզում ենք անել, բայց այդպես միանգամից չենք կարող, եվրոպական ստանդարտներին համապատասխան երկիր չենք»:
Անդրառառնալով Ռուզաննա Երեմյանի խոսքին, թե «Համընդհանուր ներառումն ի վերջո ներդրվել է բոլորովին վերջերս», պետք է արձանագրել՝ Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-200-Ն), համաձայն որի՝ հանրակրթության համակարգում անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթության:
Երեխային մանկապարտեզ ուղարկելու համար մայրաքաղաքում պետք է տարիներով սպասել, մինչեւ հերթը հասնի։ Խնդիրը բարձրաձայնող քաղաքացու հարցին ավագանու ՔՊ-ի թեկնածուն պատասխանեց՝ նախատեսվում է առաջիկա երկու տարում բազմաթիվ մանկապարտեզներ հիմնանորոգել, իսկ այդ պարագայում հաճախողների հոսքը կրկնակի կավելանա։
«Նորից գալիս ենք նույն խնդրին․ մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի մեկ օրում, նույն վայրկյանին»,- ասաց Ռուզաննա Երեմյանը։
Նա հավելեց՝ մանկապարտեզների հերթագրումն արվում է էլեկտրոնային եղանակով, եւ դա թափանցիկ է, ծնողը գիտի՝ երբ իր երեխայի հերթը կգա, ուստի զարտուղի ճանապարհներով երեխայի հերթն առաջ մղելն անհնար է։
Նարինե Արամյանը հակադարձեց՝ բազմաթիվ մանկապարտեզներ այսօր էլ վերանորոգման կարիք ունեն, նախադպրոցական կրթության ծրագիրն էլ պետք է վերանայել։ Պետք է կարիքների գնահատում իրականացնել, խնդիրներն ավելի խորությամբ ուսումնասիրել ու լուծել։
Այս դիտարկումը եւս բարկացրեց ավագանու ՔՊ-ական թեկնածուին, բայց խոսելու համար իրեն տրամադրված ժամանակը վաղուց սպառել էր։
«Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Մարգարյանն ավելացրեց՝ պետք է հասնել նրան, որ բոլոր երեխաներն էլ նախադպրոցական կրթություն ստանան, որեւէ երեխա հերթում սպասելու պատճառով կրթություն ստանալու իրավունքից չզրկվի։
«Մեր նախընտրական ծրագրով նախատեսվում է, որ մանկապարտեզները կաշխատեն մինչեւ ժամը 20-ը։ Աշխատողների համար էլ այնպիսի հերթափոխ պիտի սահմանվի, որ այդ մարդիկ չհոգնեն, չհյուծվեն»,- ասաց Դավիթ Մարգարյանը։
Մայրաքաղաքի ճարտարապետական դեմքը պահելու եւ պահպանելու վերաբերյալ հարցին «Հաղթանակ» կուսակցությունից Լիլիթ Կուջոյանն ասաց՝ իրենց թիմում ընդգրկված են մշակույթի բազմաթիվ գործիչներ, ուստի Երեւանի ճարտարապետական դիմագծի պահպանմանը մեծ ուշադրություն է դարձվելու։
Դավիթ Մարգարյանն էլ վստահեցրեց՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը քաղաքային իշխանությունը ստանձնելու դեպքում վերակառուցելու է Երիտասարդական պալատը՝ բոլորին հայտնի «Կուկուռուզնիկը»։ Նախատեսվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանն էլ պիտի որոշակի ճարտարապետական փոփոխությունների ենթարկվի, այն է՝ «վերաիմաստավորվի»։ «Մեզ համար Երեւանի պատմական ու մշակութային հիշողությունը պահելը շատ կարեւոր է»,- վստահեցրեց նա։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։