Կավանոթներ, պերճանքի առարկաներ, զենքեր, աշխատանքային գործիքներ. Շիրակի մարզի Ազատանի եւ Ջրափիի հնավայրերը հազարամյակների պատմություն ունեցող գաղտնիքներով են ներկայացել հայ-գերմանական հնագիտական արշավախմբի առաջ:
Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակին թվագրվող գտածոներն անհերքելի ապացույց են, որ Հայաստանի տարածքում մարդիկ վաղ շրջանում զարգացած քաղաքակրթություն են ունեցել:
2011 թվականից Շիրակի երկրագիտական թանգարանի եւ Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայ-գերմանական համատեղ արշավախումբը պեղումներ է իրականացրել Շիրակի մարզում: Խումբը 14 տարի պեղել է Ազատանի 34 եւ Ջրափիի 40 ամրոց-բնակատեղիները: Աշխատանքները կատարվել են մոտ 850 քմ տարածքում:
Շիրակի հարուստ մշակույթն արեւի երես հանելու որոշումն ավելի վաղ է կայացվել: 2010 թվականին Սաքսոնիա-Անհաթ երկրամասի մշակույթի գործերի նախարարության հուշարձանների պահպանության եւ հնագիտության ծառայության, Մայնցի Հռոմե-գերմանական կենտրոնական թանգարանի եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջեւ համագործակցության պայմանագիր է կնքվել, եւ տրվել է աշխատանքների մեկնարկը:
Հնագետները փաստում են, որ երկու հնավայրերն էլ աչքի են ընկել հարուստ գտածոներով: Հիմնական ուսումնասիրություններն իրականացրել են Ազատանի հնավայրում, որի շերտագրությունը սկսվում է Ք.ա. 4-րդ հազարամյակի երկրորդ կեսից: Այստեղ արշավախումբը դարերի շերտերից մաքրել ու բացել է պատմությունը. լույս է սփռվել վաղ բրոնզի, ուշ բրոնզի, ուշ երկաթի դարերին վերագրվող ամրոցների, բնակատեղիի եւ դամբանադաշտերով Աքեմենյան ժամանակաշրջանի թաղումների ծեսերի վրա:
Ջրափիի հնավայրում պեղված վաղագույն շերտը հնագետները վերագրում են Կուր-արաքսյան մշակույթին: Ներկրված կավե ամանների գտածոներն ապացուցում են, որ հնավայրը Ախուրյան գետի ափին գտնվելու շնորհիվ ունեցել է շատ կարեւոր նշանակություն:
Արշավախմբի անդամ, հնագետ Լեւոն Աղիկյանն ասում է՝ գտածոների քանակը շատ մեծ է, բայց ցուցադրել են 140-ը: Հնագետը վստահեցնում է, որ բացառիկ հուշարձաններ են պեղել, լավ պահպանված ամրոց բնակատեղիի, դամբարանադաշտերի հարուստ գտածոներ են հանել հողի եւ պատմության շերտերի տակից: Թաղման ծեսերի, ամրոցաշինության գաղտնիքների մասին փաստող գտածոներն էլ եւս մեկ անգամ ապացուցում են, թե որքան հին քաղաքակրթության օրրան է Շիրակի մարզը:
Հնագիտական արշավախմբում գերմանական կողմից ներգրավված անդամ, արխեոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչ Դորոթեա Մաուերր Մաննը Շիրակի պեղումներն իր աշխատանքային գործունեության լավագույն տարիներն է համարում, ասում է՝ պատմությունը հարուստ է, ամեն քարի տակ հազարամյակների քաղաքակրթության լուռ վկաներ են թաքնված: Դորոթեան Ազատանի եւ Ջրափիի պեղումներին մասնակցել է ավելի վաղ, քան հայ-գերմանական արշավախմբի ձեւավորումը: Դեռեւս 2009 թվականից Շիրակի երկրագիտական թանգարանի գիտաշխատողներ, այժմ լուսահոգի Համազասպ Խաչատրյանի եւ Լարիսա Եգանյանի հետ են պեղել տարածքը: «Ափսոս, որ նրանք ականատես չեղան այս օրվան… նրանք են կյանք տվել այս նախաձեռնությանը»,- ասում է գերմանացի հնագետը:
Գերմանիայի Դաշնության փոխդեսպան, դեսպանության գործերի հավատարմատար Էրիկ Թինտրուպը Գյումրին Հայաստանի մշակութային մայրաքաղաքն է համարում: Գտածոներին ծանոթանալուց հետո ասում է՝ հայ եւ գերմանացի հնագետների համատեղ աշխատանքով հիացած է:
Փոխդեսպանը 2023 թվականը գերմանահայկական տարի է համարում: «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ու մշակութային գործիչներ, նախարարներ են այս տարի այցելել Գերմանիա»: Պարոն Թինտրուպը վստահեցնում է, որ Գերմանիայում Հայաստանի նկատմամբ ուշադրությունն օրեցօր աճում է: «Մեր համագործակցության կարեւոր ուղղություններից է գիտությունը, որի վառ ապացույցն այդ համագործակցությունն է: Խիստ տպավորված եմ այն հարուստ ժառանգությունով, ինչը տեսա եւ բացահայտեցի այստեղ»:
Փոխդեսպանը հատուկ շեշտում է Գյումրիում ԳԴՀ պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանի դերը, ասում՝ նրա մասնակցությունը հայ-գերմանական համագործակցության մեջ անփոխարինելի է։
Նշենք, որ հարուստ գտածոները Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում ցուցադրվել են Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի թանգարանում: Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Մերուժան Մինասյանն ասում է՝ 2018-ից կառավարության որոշմամբ Գյումրու Գյուլբեկյանի անվան նախկին հիվանդանոցի շենքը տրամադրվել է երկրագիտական թանգարանին, բայց մինչ այսօր Կառավարությունը եւ պատկան մարմինները միջոցներ չեն տրամադրում հիմնական վերանորոգման համար: Թանգարանն ինչպես առաջ, այնպես էլ հիմա հարուստ ժառանգությունը ցուցադրելու տեղ ու հնարավորություն չունի:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։