ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ հորդորելով չբորբոքել ու չբազմապատկել Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ հակամարտության հետեւանքով տուժած համայնքների միջեւ արդեն իսկ խոր արմատներ գցած վիրավորանքները։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Միյատովիչը մտահոգություն է հայտնել վերջերս Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացման կապակցությամբ:
Պատերազմի ընթացքում առգրավված զինտեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված մարդկային արժանապատվությունը նսեմացնող տեսարանների՝ զոհված կամ մահացող հայ զինվորների մոմե մանեկենների վերաբերյալ հանձնակատարն ասել է, որ նման պատկերները մեծապես անհանգստացնող ու նվաստացուցիչ է համարում:
«Նման ցուցադրությունն է՛լ ավելի կուժեղացնի տեւական թշնամական զգացմունքները եւ ատելության խոսքը, կբազմապատկի եւ կխրախուսի անհանդուրժողականության դրսեւորումները»,- շեշտել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը:
Միյատովիչն Ալիեւին հորդորել է «ամուր դիրքորոշում որդեգրել ընդդեմ թշնամանք կամ ատելություն բորբոքող հռետորության կամ գործողությունների, փոխարենը լիակատար աջակցություն ցուցաբերել ու քաղաքական հենարան դառնալ հակամարտությունից տուժած բնակչությունների միջեւ խաղաղությունը եւ հաշտեցումը խրախուսող ջանքերին՝ մտքում ունենալով Ադրբեջանի եւ Հայաստանի ապագա սերունդների բարեկեցությունը»։
Հանձնակատարը պատրաստակամություն է հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում այցելելու Ադրբեջան՝ ընդգծելով, որ իր մանդատը թույլ է տալիս մուտք ունենալ մարդու իրավունքներին առնչվող բոլոր վայրերը երկրի սահմաններում։