Կրեմլում մտահոգված են, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ լարվածությունը չի նվազում, իսկ որոշ հատվածներում լարվածության աճի միտում կա: Դրա մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ անվտանգության հուսալի երաշխավոր:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Պեսկովը հավելել է, որ Բաքվի եւ Երեւանի հետ շփումները շարունակվում են: Նա նշել է, որ երկու կողմերին զսպվածության եւ երկու տարի առաջ ստորագրված եռակողմ երկու փաստաթղթերը գործողության մեջ դնելու կոչ են անում։ «Իհարկե, այս դեպքում պետք է հաշվի առնել այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել այդ ժամանակից ի վեր»,– ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: