Արցախի ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովի մեկնարկից առաջ ասել է, որ անորոշ է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների մոտ 2000 հուշարձանի ճակատագիրը:
Վտանգված է 13 վանական համալիրի, 122 եկեղեցու, 52 ամրոցի, 523 խաչքարի եւ 4 մատուռի ճակատագիր: 10 պետական եւ 2 մասնավոր թանգարան՝ 20000 նմուշով, 3 շրջանային գրադարան՝ 68 398 գրքով, 127 դպրոցական գրադարան՝ 617 000 գրքով մնացել են Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում:
Նախարարը նշեց, որ Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել Տիգրանակերտի պատմահնագիտական ամրոց-թանգարանը, իսկ Հունոտի կիրճը դեռեւս չեզոք գոտում է: Ազոխում պեղումների ժամանակ հայտնաբերված բոլոր ցուցանմուշները տարվել են Ադրբեջան։
Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանը ցանկանում է փոխել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու արտաքին տեսքը:
Նշենք, որ այսօր Երեւանում մեկնարկել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովը:
Բացման խոսքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է՝ ադրբեջանական վերահսկման տարածքներում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը կանխելու համար:
Նախարարն ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային համաժողովում մշակվել է առաջիկա գործողությունների ծրագիրը, որին մասնակցում են բազմաթիվ գիտական եւ հասարակական կառույցներ, գերատեսչություններ: