Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, եւ դա քննարկման ենթակա չէ։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի քարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ: Նիստը հրավիրվել է հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի նախաձեռնությամբ:
Քիմը նշել է, որ Պետդեպարտամենտը ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակի հետաձգում չի հանդուրժում։ Նա ասել է, որ հարցը քննարկվել է առերես եւ հեռախոսով բոլոր կողմերի՝ Բաքվի, Երեւանի, Ստեփանակերտի հետ։ Աշխատանքներ են տարվել նաեւ միջազգային գործընկերների հետ, որ օգնեն առաջին բեռը տեղ հասցնելու։ «Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այլ ճանապարհներն, իհարկե, նույնպես, բայց Լաչինի միջանցքը պետք է բացվի, եւ դա քննարկման ենթակա չէ»,- շեշտել է ամերիկացի պաշտոնյան։