Դաշնակցական մի ընկեր, անդրադառնալով 5–րդ դասարանի «Մաթեմատիկա» եւ 7–րդ դասարանի «Հանրահաշիվ» դասագրքերին, դրանք «սերնդին ապականելու» ձեւ էր համարել եւ ենթադրել էր, որ դասագրքերի հեղինակներին պետք է «քարկոծեին բոլոր դպրոցների տնօրենները, փոխտնօրենները եւ ուսուցիչները»:
Դաշնակցական այս ընկերը միակը չէ։ Շատերն են գրում եւ հաճախ գրում են դույզն-ինչ ծանոթ չլինելով դասագրքերի բովանդակությանը եւ ուսուցման առաջարկվող մեթոդներին՝ քարկոծման գործը հանձնարարելով ոչ միայն տնօրեններին, փոխտնօրեններին եւ ուսուցիչներին, այլեւ դպրոցի պահակին, տնտեսվարին, բուֆետի վաճառողուհուն։
Ստորեւ ներկայացնում ենք 5-րդ դասարանի «Մաթեմատիկա» եւ 7-րդ դասարանի «Հանրահաշիվ» դասագրքերի համահեղինակ Սմբատ Գոգյանի՝ Ֆեյսբուքում արած պարզաբանումները։
1) Մի մասդ գրում եք, որ անհասկանալի բարդ վարժություններ են, մի մասն էլ, թե շատ պրիմիտիվ է։ Բոլորդ էլ ճիշտ եք, դասագրքում կան ինչպես պարզ, այնպես էլ բարդ խնդիրներ։
Կարմիր շրջանակով վարժությունները բարդ են, դրանք պետք է ուսուցիչը դասարանում քննարկի, այլ ոչ թե հանձնարարի տնային առաջադրանք։ Կարծում եմ, դասագրքեր չունենալու պատճառով ուսուցիչները չեն հասցրել ծանոթանալ եւ համակարգել, թե ինչպես օգտագործել դասագիրքը։
2) Դասագրքի 1.3 դասը բառերի եւ տառերի նմանությունների եւ տարբերությունների մասին է ու այդ թեմայի վարժությունները յուրօրինակ են եւ ո՛չ դուք, ո՛չ էլ մեր ուսուցիչները նման վարժությունների նախկինում չեն հանդիպել։
Այն հայերենի եւ մաթեմատիկայի միջեւ միջառարկայական կապեր ստեղծելու համար է։ Չի կարելի գիտելիքը բաժանել զու՛տ մայրենիի կամ զու՛տ մաթեմատիկայի։ Միջառարկայական կապերի ամրապնդումը շատ կարեւոր է։ Օրինակ, 24–րդ վարժությունում պետք է թվանշանները գրել տառերով եւ դասավորել այբբենական կարգով։ Թվում է պարզ պահանջ, բայց գրեթե բոլորը կա՛մ պահանջը չեն հասկանում, կամ էլ սխալ են անում։ Ընդամենը պետք է գրել, զրո, մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը ու դրանք դասավորել այբբենական կարգով։ Կստացվի.
երեք,
երկու,
զրո,
ինը,
հինգ,
մեկ,
յոթ,
չորս,
վեց,
ութ։
Ի դեպ, այդ դասի վարժությունների համար առանձին տեսադաս ենք սարքել
3) Վարժություն 26-ում ծաղրում եք թե ԳԱԳՈ ու ԳԱԹԱ ինչ են։ Խնդրում ասվում է, որ Հասմիկը յուրաքանչյուր թվանշան փոխարինում է մեկ տառով։ Խնդրի պահանջից ստացվում է, որ պետք է լուծել ԳԱԳՈ + 19 = ԳԱԹԱ ռեբուսը։
Եթե դրա փոխարեն լիներ ABAC + 19 = ABDB ապա ամեն ինչ նորմալ կլիներ, քանի որ բոլորս էլ սովոր ենք լատինատառ վարժություններին, իսկ հայերենով գրվածը չենք ընկալում։ Այս վարժությունը նույնպես կարմիր շրջանակով էր, ուստի ուսուցիչը պետք է աշակերտների հետ միասին այն լուծի, ոչ թե հանձնարարի տնային։
Ահա ռեբուսներ ռուսերեն լեզվով՝
4) Ոմանք ասում են, որ թվեր չկան։ Դասագրքի 2-6 գլուխներն ամբողջությամբ թվերի մասին են։ Առաջին գլխում թվաբանությունը քիչ է, որովհետեւ թեման է այդպիսին։ Նաեւ տեսա, որ իբր 4–րդ դասարանում կոտորակների գումարում ու հանում են սովորել։
Հարգելիներս, կոտորակների հետ գործողություններն անցնում են 5-րդ դասարանում։ 4-րդ դասարանում թեթեւակի կոտորակների մասին խոսվում է, բայց այն շատ մակերեսային է եւ իմաստի մեջ չի խորանում։ Կոտորակների մասին գրել ենք 6-րդ գլխում՝ հավելելով բացատրող վիդեոներով։
5) Դասագրքում մաթեմատիկա չկա, միայն տրամաբանական բաներ … ։ Մեր երեխաները 1-4 դասարաններում սովորում են գումարել, հանել, բազմապատկել ու բաժանել։ Եթե մաթեմատիկան լիներ թվերի հետ աշխատելու առարկա, ապա 5-6 դասարաններում կամրապնդվեր թվաբանություն կատարելու հմտություններն ու կարելի էր այլեւս մաթեմատիկա չանցնել։
Իրականում մաթեմատիկան մտածողության հիմքն է, իսկ թվաբանությունը դրա միջոցը։ Ցավոք, մեր երեխաները դպրոցում սովորում են թվաբանություն, բայց տրամաբանական ապարատը մաթեմատիկայի միջոցով չի զարգացվում։ Դասագրքով փորձել ենք մաթեմատիկա առարկայի մեջ տրամաբանություն մտցնել։
Հաջողվե՞լ է, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը, այսինքն կերեւա մայիս ամսին։ Այս պահի դրությամբ ո՛չ դուք կարող եք պնդել, որ չի հաջողվել, ո՛չ էլ ես կարող եմ պնդել, որ հաջողվել է։ Ամեն դեպքում հեղինակներս փորձում ենք անել մեր դպրոցականների համար լավը։
6) Դասագիրքը նոր է, 20+ տարի նույն դասագրքով դասավանդած ուսուցչին իր հերթին դժվար է անցում կատարել մոտեցմամբ տարբերվող այլ դասագրքի։ Եկեք լինենք համբերատար, փորձենք հասկանալ դասագիրքը։
Ծաղրելու ժամանակ միշտ էլ կունենաք։ Ուսուցիչների հետ ստեղծել ենք Վայբերի խումբ, որտեղ քննարկում ենք դասագրքի բովանդակությունն ու խնդիրները։ Փոխանցե՛ք ձեզ ծանոթ ուսուցիչներին, միգուցե նրանց էլ օգտակար լինի։
7) Գանք Մաթեմյանների ընտանիքին,, ավելի ճիշտ նրանց անուններին։
ա) Աթաբեկ Խնկոյանի “Մկների ժողովում” կան – Ալո, Բալո, Չստո, Մստո, Համբո, Պստո, Չամբո, Բտո, Խտո … անուններ
բ) Ղազարոս Աղայանի “Զանգի–Զրանգի” — հերոսների անունները վերնագրում գրված են,
գ) Հովհաննես Թումանյանի “Անբան Հուռին” – Լինում է, չի լինում՝ մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը՝ Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչեւ իրիկուն պարապ-սարապ նստած …
Հիմա պատկերացրեք, որ Հովհաննես Թումանյանը Հուռիի փոխարեն գրած լիներ ձեր երեխայի անունը։ Հաճելի չէր լինի, չէ՞։
Հիմա նույն խնդրի հետ մենք ենք առնչվել։ Մաթեմյանների ընտանիքի փոքր անդամները հաճախակի սխալ ու միամիտ բաներ են ասում, որի շուրջ էլ զրույց ծավալելով բացատրում ենք նոր թեման։ Ընդ որում այն ոչ թե մեկ դաս է, այլ դասագրքում բազմաթիվ անգամ հանդիպող իրավիճակ։
Կուզե՞ք, որ այդ դերում լինի ձեր երեխայի անունը … Կարծում եմ՝ ոչ։ Ուստի, փորձել ենք հորինել անուններ, որոնք համահունչ կլինեն Աղայանի ու Թումանյանի մտացածին հերոսների անուններին, այսինքն լինեն կարճ ու վերջանան «ի» տառով։
Անունների այբբենական կարգն էլ օգնում է, որ երեխաները շուտ հիշեն, թե ով ով է։ Ե՛վ մեր մեծ հեքիաթասացները, եւ՛ մենք փորձել ենք իրական անունը ծաղրանքի առարկա չսարքել ու մի–քիչ էլ ժպիտ առաջացնել երեխաների դեմքերին։
Ինքս ունեմ 4 երեխա, որոնցից մեծը սովորում է 2-րդ դասարանում։ Իմ բոլոր երեխաներն էլ Հայաստանի քաղաքացի են, սովորում ու ապրում են Հայաստանում։ Բոլորն էլ սովորելու են այս դասագրքով ու դասագիրք գրելիս դա հաշվի եմ առել. գրել դասագիրք, որով կուզենային սովորել իմ երեխաները։