«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է, որ կպահանջի WhatsApp-ից ջնջել արգելված տեղեկություններով ալիքները, հակառակ դեպքում այն կարող է արգելափակվել։ «Ռուսական օրենսդրության պահանջները վերաբերում են բոլոր ընկերություններին, ներառյալ մեսինջերներին եւ սոցիալական ցանցերին, որոնք գործում են մեր երկրում եւ թիրախավորում են ռուս օգտատերերին»,- նշված է «Ռոսկոմնադզոր»-ի հաղորդագրության մեջ։
WhatsApp-ը սեպտեմբերի 14-ին ալիքներ է գործարկել ավելի քան 150 երկրների օգտատերերի համար: Առաջին ալիքներն արդեն ստեղծվում են։ Ընկերության կայքում ասվում է, որ յուրաքանչյուր օգտատեր աստիճանաբար հնարավորություն կունենա ստեղծելու սեփական ալիքը։
Պետդումայի տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտեից հայտնել են, որ Ռուսաստանում WhatsApp-ի աշխատանքի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը կարող է վերանայվել, եթե Meta-ին պատկանող մեսենջերը սկսի «ընդլայնել իր գործառույթները տեղեկատվության զանգվածային տարածման ուղղությամբ»:
Դաշնային խորհրդի պաշտպանության կոմիտեից էլ նշել են, որ WhatsApp-ի վերածումը լիարժեք լրատվամիջոցի անհանգստության տեղիք է տալիս. ռուսների համար պոտենցիալ, բայց հստակ սպառնալիքների դեպքում հավելվածը կարող է արգելափակվել: