Շիրակի մարզի Հայկավան գյուղում բացվել է շինություն-գրասենյակ, փորձա-ցուցադրական հողատարածք եւ էներգետիկ այլընտրանքային կայան:
Կենտրոնը կծառայի հատապտուղների արտադրությամբ զբաղվող Հայկավանի կոոպերատիվին, գյուղական բնակավայրում կայուն գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց խմբին եւ Հայկավանի ու հարակից գյուղերի, ինչպես նաեւ Շիրակի մարզի գյուղատնտեսներին։
Բացման կարմիր ժապավենը կտրելուց հետո տեղի է ունեցել շրջայց շինության եւ փորձացուցադրական հողատարածքում, ներկայացվել են ռեսուրս խնայող եւ արդյունավետ սարքավորումներն ու տեխնոլոգիաները՝ կաթիլային ոռոգման համակարգը, հակակարկտային ցանցը, էներգետիկ այլընտրանքային կայանը եւ շատ այլ կանաչ տեխնոլոգիաներ։
Կառույցն իրականություն է դարձել Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շնորհիվ, ինչպես նաեւ «Հույսի նշան» միջազգային կազմակերպության եւ «Կանաչ Արահետ» ՀԿ-ի համագործակցության արդյունքում` Գերմանիայի Դաշնության Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության աջակցությամբ։
Փորձա-ցուցադրական հողատարածքը՝ հատապտղային եւ ինտենսիվ պտղատու այգին էլ հիմնվել է Ավստրիական զարգացման գործակալության եւ Ուսուցման կանաչ կենտրոնի աջակցությամբ՝ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ համաֆինանսավորվում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Նշված ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Կարեւոր նախաձեռնությանն ավելի մանրամասն «Ալիք Մեդիան» կանդրադառնա շուտով: