«ՀայՓոստը» կտրուկ իջեցնում է ծանրոցների սակագները դեպի Եվրոպա փոստի փոխանակման ուղղություններում: Դրա մասին հայտնել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը։ Սակագները հաջողվել է իջեցնել լոգիստիկ նոր երթուղիների կիրառման, փոստփոխանակման գործընթացների օպտիմալացման, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ բանակցությունների արդյունքում: Ծանրոցներն առաքվում են օդային եղանակով, որի շնորհիվ բարելավվել է նաեւ փոստփոխանակման որակը:
Նշվում է, որ եթե, օրինակ, մեկ շաբաթ առաջ դեպի Ֆրանսիա կամ Գերմանիա հասցեագրված 20 կգ ծանրոցի առաքման ընդհանուր արժեքը 128 հազար 900 ՀՀ դրամ էր, այժմ նույն քաշով ծանրոցը կարելի է ուղարկել՝ վճարելով ընդամենը 57 հազար 500 դրամ, իսկ 5 կգ ծանրոցի առաքումը 39 հազար 100 դրամից դարձել է 20 հազար դրամ:
Սակագների կրճատմանը զուգահեռ զգալիորեն կրճատվել են նաեւ փոստի փոխանակման ժամկետները։ Եվրոպական թոփ ուղղությունների դեպքում, մասնավորապես` Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Ավստրիա, առաքման միջին ժամկետը 7-10 օր է։ Միաժամանակ բարելավվել է ներհանրապետական փոստի փոխանակման որակը: Այսուհետեւ 80%-ից ավելի առաքանիները Հայաստան մտնելուց հետո իրենց հասցեատերերին կհասնեն ընդամենը երկու օրում։
Դեռ 2022-ի հունվարին ՀայՓոստը նամակագրական թղթակցության եւ մինչեւ 20 կգ ծանրոցների առաքման դեպքում սակագների գնային փոփոխություններ էր նախատեսել։