Երեւանի ավագանու ընտրություններում ֆավորիտ թեկնածուների եռյակում են Տիգրան Ավինյանը, Հայկ Մարությանը եւ Անդրանիկ Թեւանյանը։ Միաժամանակ, 7 կուսակցություն ավագանի անցնելու շանս ունի։ Դրա մասին վկայում են «GALLUP International association»-ի՝ 802 երեւանցիների շրջանում սեպտեմբերի 12-13-ն անցկացրած հարցումները։
Ըստ GALLUP-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի՝ հարցված քաղաքացիների 22.5%–ն ասել է, որ սեպտեմբերի 17–ին ձայնը տալու է Տիգրան Ավինյանին (ՔՊ), 14.3%-ը` Հայկ Մարությանին («Ազգային առաջընթաց»), 7.8%-ը՝ Անդրանիկ Թեւանյանին («Մայր Հայաստան» դաշինք)։ Չորրորդ եւ հինգերորդ տեղերում են հայտնվել «Հանրային ձայն» (6.7%) եւ «Ապրելու երկիր» (5.7%) կուսակցությունները։
Բացի առաջին եռյակից՝ «Հանրային ձայն», «Ապրելու երկիր» եւ «Հանրապետություն» կուսակցություներն ունեն հնարավորություն՝ անցնելու ավագանի։ Շանսեր ունեն նաեւ «Լուսավոր Հայաստան» (3.8%) եւ «Հաղթանակ» (3.6%) կուսակցությունները։ Մնացած տոկոսները բաշխվել են մասնակից մյուս ուժերի միջեւ։ «Ում կտան իրենց քվեն» հարցին դժվարացել է պատասխանել 9.9%–ը, եւ 11. 6%–ը հրաժարվել է այս հարցին պատասխանելուց։ Հարցված երեւանցիների 55%–ը նշել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրությանը, իսկ միանշանակ չմասնակցելու որոշում է ընդունել 20.7%–ը։
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն եւ 1 դաշինք։