Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան մտադիր են պահպանել Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Դրանք առնչվում են բալիստիկ հրթիռների եւ միջուկային զենքի տարածմանը։ Իրանն այս որոշումն անվանել է «անօրինական եւ սադրիչ»։ Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ պաշտոնական Փարիզը, Բեռլինը եւ Լոնդոնը հայտարարել են, որ 2023-ի հոկտեմբերի 18-ից հետո, երբ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը» կմտնի անցումային փուլ, մտադիր չեն չեղարկել Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները։ Պատժամիջոցների կիրառումից չհրաժարվելու որոշումն առնչվում է այն հանգամանքին, որ Ռուսաստանն Ուկրաինայում, ենթադրաբար, իրանական ԱԹՍ-ներ է կիրառում։ Միաժամանակ լուրջ մտահոգություն կա, որ Իրանը կարող է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարել։ Բացի դրանից՝ եվրոպական երեք երկրները ձգտում են պայմանավորվածությունները խախտած Իրանին զրկել միջուկային գործարքի առավելություններից օգտվելու հնարավորությունից։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական երեք առաջատար լրատվամիջոցների՝ Fars եւ Tasnim լրատվական գործակալությունների, ինչպես նաեւ Press TV հեռուստաալիքի դեմ: Պատժամիջոցներ են կիրառվել նաեւ Yaftar Pazhohan Pishtaz Rayanesh ընկերության եւ 25 ֆիզիկական անձանց նկատմամբ։ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի, Կանադայի եւ Ավստրալիայի հետ համատեղ սեպտեմբերի 15-ին պատժամիջոցներ է սահմանել Իրանի մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի, նրա տեղակալ Մոհամմադ Հաշեմիի, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի, ինչպես նաեւ Իրանի ոստիկանության ներկայացուցիչ Սաիդ Մոնթազեր օլ Մահդիի դեմ՝ կապելով դա երկրում կանանց հիջաբ կրելու հարկադրանքի հետ: Լոնդոնը պատժամիջոցների սահմանումը կապում է Իրանում բարքերի ոստիկանության կողմից ձերբակալությունից հետո մահացած Մահսա Ամինիի մահվան տարելիցի հետ։