Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին Եվրոպական միությանը կոչ է արել Ադրբեջանից պահանջելու անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին:
Պատգամավորն իր ելույթում նշել է, որ այցելել է Երեւան ու տեսակցել Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորված մի խումբ զինվորների:
«Մեր հայացքները խաչաձեւվեցին, ու ես ամաչեցի, որ գալիս եմ Եվրոպայից: Ամաչեցի Էրդողանի գործողությունների դիմաց եվրոպական փոխզիջումներից, Սիրիայում «Դայեշ»-ին հաղթելուց հետո դավաճանության մատնված քրդերի համար, Լիբիայի քաղաքացիական բնակչության համար, մեր հույն, կիպրոսցի, բուլղար եղբայրների համար, որոնց ինքնիշխանությունն անընդհատ վտանգվում է, Եվրոպայի եղբայր՝ միակողմանի ագրեսիայի մատնված հայ ժողովրդի համար, որը ստիպված միայնակ է առերեսվել Էրդողանի ջիհադիստ վարձկանների, կասետային ռումբերի հետ»,- ասել է ֆրանսիացի պատգամավորը:
Ըստ «Արմենպրեսի»՝ Բելամին հավելել է, որ այցելել է նաեւ Եռաբլուր, որտեղ թաղված են հազարավոր երիտասարդներ, որոնք զոհվել են միայն նրա համար, որ Էրդողանը որոշել էր, որ բռնի ուժն ավելի լավ է, քան դիվանագիտությունը` իր շահերը պնդելու, առաջ մղելու համար:
«Դա մեծագույն հանցագործություն է, որ կատարվում է երկրի մի ղեկավարի կողմից, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ինչն արդեն պետք է ահազանգ լինի մեզ համար: Սա նաեւ սարսափելի նախադեպ է, քանի որ մենք, առանց որեւէ բառ ասելու, թույլ ենք տալիս, որ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն անպատժելիորեն խախտի միջազգային իրավունքը»,- շեշտել է Ֆրանսուա-Քսավիե Բելամին:
Պատգամավորը նշել է, որ Եվրոպան ունի գործելու բավական լծակներ, եւ վերջապես պետք է պահանջել, որ Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներն անհապաղ ազատ արձակվեն, որպեսզի վերջ դրվի այս ռազմական հանցագործությանը: «Եթե Եվրոպան ցանկանա, դա կարող է անել»,- ասել է Բելամին: