«ԱրտԲրիջ» սրճարան-գրախանութում կազմակերպվել էր «Հնարավո՞ր է փրկել Երեւանի ճարտարապետական դեմքը» խորագրով քննարկում, որին մասնակցում էին ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ պրոֆեսոր Կարեն Բալյանը, երիտասարդ ճարտարապետներ Դավիթ Ստեփանյանը, Աշոտ Սնխչյանը եւ Ռոման Գրիգորյանը։
«Ճարտարապետությունը ռոմանտիկների եւ լավատեսների մասնագիտություն է, եւ առանց այդ հատկանիշների հնարավոր չէ ստեղծագործել»,- մտահոգութուն հայտնեց պրոֆեսոր Բալյանը։ Պետք է մեկ առ մեկ ասվի, հաստատվի, թե որն էր սխալը, կարմիր գիծ գծել, հասկանալ, որ չի կարելի քանդել արժեքավոր շինությունները, իրար գլխի ինչ-որ բաներ կառուցել, քաղաքն այսչափ խտացնել, փոխել եղած կերպարը։
Եվ Կառավարությունն էլ պետք է այս ամենը հասկանա ու գիտակցի, քանի որ հաճախ նման շինությունների կառուցման պատվիրատուն է։ Նա նաեւ հույս հայտնեց, որ Երեւանի նորընտիր քաղաքապետն այս խնդիրը խորությամբ կուսումնասիրի եւ կգիտակցի դրա լրջությունը։
Ճարտարապետ Աշոտ Սնխչյանը մեկ այլ խնդրի մասին բարձրաձայնեց՝ մայրաքաղաքի ճարտարապետական դիմագիծն աղավաղում են նաեւ նորակառույցները։ «Խրուշչովյան» շենքերը պետք է պահել ու արդիականացնել, քանի որ դրանք ավելի հարմարավետ են։
Նա խոսեց նաեւ քաղաքի մայթերի մասին, դրանք անհրաժեշտ է լայնացնել։ Բացի այդ՝ դրանց վրա կան անօրինական կառույցներ։ Թեեւ Երեւանի քաղաքապետները պաշտոնը ստանձնելիս խոստանում են մայթերը վերադարձնել քաղաքացիներին, բայց առանցքային, տեսանելի փոփոխություններ չկան։
Քաղաքապետի ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը նախընտրական ծրագրերում անդրադարձել է այս խնդրին՝ երեւանցիներին խոստանալով ձեռնարկել քայլեր՝ պահելու մայրաքաղաքի ճարտարապետական դիմագիծը։ Օրերս ավագանու անդամների թեկնածուների հետ հանդիպման ընթացքում էլ քննարկվել էր այս խնդիրը, որին «Ալիք Մեդիան» անդրադարձել էր։
Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանն էլ հավելեց՝ ճարտարապետական դեմքի ու դիմագծի պահպանման համար հարկավոր է նախ երկարաժամկետ պլանավորում՝ հասկանալով, թե քաղաքի ծերացման առնչությամբ ինչ պետք է անել։ Մեկ այլ խնդիր էլ մայրաքաղաքում հուշատախտակներն են, որոնք տեղադրելիս պետք է աչալուրջ լինել։ Իսկ ճարտարապետ Ռոման Գրիգորյանը խոսեց Ռաֆայել Քոթանջյանի՝ օրերս բացված հուշատախտակի մասին, որի վրա արտիստի անունը տառասխալով է գրված։
ԴԻՏԵՔ ՆԱԵՎԵրեւանը որպես գաղափար եւ անհնար թվացող իրագործում․ Կարեն Բալյան |
Անցած տարի «Ալիք Մեդիայի» »Ալիքի վրա» հաղորդաշարին տված հարցազրույցում Կարեն Բալյանը գնահատել էր Ալեքսանդր Թամանյանի քաղաքաշինական սխրանքը եւ ափսոսանք հայտնել, որ նրա թողած ժառանգությունից շատ բան չի մնացել։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։