Արցախի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի զինծառայողներ չկան, ինչի մասին Ստեփանակերտն ու Երեւանը բազմիցս հայտարարել են: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Արցախից ռուսական խաղաղապահների միջամտությամբ տեղափոխված անձինք հայաստանյան եւ արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ են, ՌԴ քաղաքացիներ ու նրանց ընտանիքների անդամներ:
Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվում է լուր, ըստ որի` Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն զինծառայողների տարհանում է:
Արցախից ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան են տեղափոխվում նաեւ հանրապետությունում շինարարության, հանքարդյունաբերության ոլորտներում ընդգրկված ՀՀ քաղաքացի մասնագետներ եւ բանվորներ, որոնք ադրբեջանական կողմի կազմակերպած շրջափակման հետեւանքով կորցրել են աշխատանքն ու չեն կարողացել վերադառնալ մշտական բնակության վայր: