ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ապրիլի 28-ին հանրային կերպով կպատվաստվի կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով:
Նախարարի պաշտոնակատարը կպատվաստվի ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ում:
Կորոնավիրուսի դեմ AstraZeneca տեսակի պատվաստանյութով արդեն կարող են պատվաստվել նաեւ 18 տարեկանից բարձր քաղաքացիները։ Նախկին որոշմամբ AstraZeneca-ով կարող էին պատվաստվել միայն 55 տարեկանից բարձր խոցելի խմբի քաղաքացիները։
Ի տարբերություն AstraZeneca-ի՝ Sputnik V պատվաստանյութը դեռ հասանելի չէ բոլոր ցանկացողներին։ Շարունակում է գործել նախարարի որոշումը, ըստ որի՝ Sputnik-ով կպատվաստվեն միայն 18-54 տարեկան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները։
Պաշտոնական տվյալներով Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն այսօր աճել է 595-ով, բուժվածներինը՝ 801-ով, գրանցվել է մահվան 18 դեպք: