Սեպտեմբերի 15-ին Մոնակոյի իր տանը մահացել է կոլումբացի ամենահայտնի նկարիչներից մեկը՝ Ֆերնանդո Բոտերոն։ Նա ունեցել է առողջական խնդիրներ։ Քանդակագործն անցյալ շաբաթ հոսպիտալացվել էր, բժիշկները թոքաբորբ էին ախտորոշել։ Մի քանի օր հիվանդանոցում անցկացնելուց հետո Բոտերոն որոշել էր բուժումը շարունակել տանը։ 91-ամյա նկարչի մահվան մասին լուրը հայտնել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ Ֆերնանդո Բոտերոն գրոտեսկյան ոճի նկարչության վարպետ է, քանդակագործ, որն իրեն անվանում էր «ամենակոլումբացին կոլումբացի նկարիչների մեջ»։
Բոտերոյի նկարներում համերաշխ ու ներդաշնակ ապրում են կիտչը, գրոտեսկը, պրիմիտիվիզմը, բանահյուսությունը, իտալական վերածնունդը եւ բարոկկոն։ Նկարչի «հնարքը» գեր մարդկանց պատկերելն է, նրա արվեստում բոլորը գիրուկ են` մարդիկ, կահույքը, կենդանիները եւ նույնիսկ խնձորը:
Երեւանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնին կից քանդակների պարտեզում տեղադրված Ֆերնանդո Բոտերոյի՝ «Ծխող կինը», «Հռոմեացի զինվորը» եւ «Կատուն» քանդակները դարձել են «Կասկադ» համալիրի այցեքարտը: