Այսօր Վիեննայում վերսկսվել են Իրանի եւ վեց գերտերությունների միջեւ 2015-ին ստորագրված միջուկային պայմանագիրը վերականգնելու վերաբերյալ բանակցությունները։ Քննարկվում են այդ պայմանագրին ԱՄՆ-ի վերադարձի հնարավորությունները։
Բանակցությունների վերջին փուլում Արեւմուտքը փորձում է Թեհրանին համոզել չխախտել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչը խոչընդոտում է ԱՄՆ-ի վերադարձն ու պայմանագրի լիակատար իրականացումը։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Եվրամիության նախաձեռնությամբ վերսկսված բանակցություններին ԱՄՆ-ն դարձյալ մասնակցում է անուղղակիորեն։ Ամերիկյան պատվիրակությունը Վիեննայում իջեւանել է ուրիշ հյուրանոցում։ Մեկ այլ վայրում քննարկումները վարում են Իրանի եւ պայմանագիրը ստորագրած մյուս գերտերությունների ներկայացուցիչները։
Նշենք, որ երեկ բրիտանական եւ իրանական ԶԼՄ-ները հրապարակել են Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հարցազրույցի որոշ հատվածներ, որտեղ նա բողոքում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միջամտում է այլ պետությունների հետ երկրի հարաբերություններին։ Նա նշել է, որ վերջինս Մոսկվայի հետ համատեղ փորձել է խափանել Արեւմուտքի հետ միջուկային գործարքը։
Զարիֆը պնդել է, որ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների կարգավորումը չի համապատասխանում Ռուսաստանի շահերին, ուստի միջուկային գործարքը նրան ձեռնտու չէ: