Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ քննարկել է Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ Ղարաբաղ ապրանքներ մատակարարելու համար ճանապարհների օգտագործման հարցը։ Քննարկվել են տարածաշրջանում իրավիճակը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության գործընթացը, առկա սպառնալիքներն ու մարտահրավերները։
Բայրամովը հանդիպման ընթացքում դժգոհել է, որ ԱՄՆ-ը միջազգային մի շարք դերակատարների թվում կրկնում է հայկական կողմի հայտարարությունները: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, նշել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի վերջին ելույթը: