ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը ստուգումների արդյունքում ընտրացուցակներում 381 անճշտություն է հայտնաբերել, որոնցից 229-ի դեպքում մահացած անձանց տվյալներ են եղել։ Սեպտեմբերի 17-ին հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնել է ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
ՀՀ ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանն էլ մամուլի ասուլիսում հայտնել է, որ որոշ ահազանգեր վերաբերել են նոր անձնագրերին, որոնք չեն ճանաչվել: Մեկ ուրիշ ահազանգ էլ արել է հայերենի չտիրապետող օտարերկրացի ընտրողը։ Հանձնաժողովներին հրահանգվել է այդ մարդկանց համար հերթականությամբ ընթերցել կուսակցությունների եւ թեկնածուների անունները։ Ահազանգեր են եղել տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց` տեղամասում գտնվելու վերաբերյալ։
Ներկայացնելով հանձնաժողովի իրավիճակային կենտրոն ստացված զանգերը՝ Ժիրայր Կարապետյանը մամուլի ասուլիսում հայտնել է, որ ընդհանուր առմամբ հիմնականում քաղաքացիների դժգոհությունների մեծ մասը վերաբերում է ընտրողներին ծանուցում չուղարկելուն: Սոցիալական ցանցերում արված գրառումների մեծ մասը վերաբերում է նրան, որ մայրաքաղաքի ընտրատեղամասերը գրեթե դատարկ են, ժամանակ առ ժամանակ հայտնվում են հատուկենտ ընտրողներ: Դրա մասին են վկայում նաեւ պաշտոնական տեղեկությունները: Մասնավորապես, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 17-ի 14:00-ի դրությամբ Երեւանի ավագանու ընտրության քվեարկությանը մասնակցել է 114 հազար 759 քաղաքացի կամ ընտրողների 13,92%-ը։
Ընտրողների մեծ մասին ծանուցում չուղարկելու թեմային «Ալիք Մեդիան» առավել հանգամանալից կանդրադառնա առաջիկայում: