Հայերի, ասորիների, սիրիացիների, եզդիների, հույների, քաղդեացիների՝ աշխարհի տարբեր երկրներում գործող եւ զոհերի շահերը պաշտպանող կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
Նշելով, որ 1915-ի ապրիլի 24-ը հայ մտավորականության եւ հայ համայնքի ղեկավարների սպանության, հայ ժողովրդի դեմ նախաձեռնված ծրագրի օրն էր, նրանք ընդգծել են, որ ցեղասպանությունը ստեղծում է անպատժելիության մշակույթ եւ օրինականացվում, երբ արդարությունն արագ եւ ամբողջությամբ չի կիրարկվում:
«Այսօր Սինջարում անվտանգությունն ու ապահովությունը գերակա խնդիրներ են, քանի որ թուրքական օդուժը շարունակում է ռմբակոծել ասորիներով եւ եզդիներով բնակեցված գյուղերը: Անապահովությունն այժմ քրոնիկ հիվանդություն է, որը կանխում է Սինջարը վերակառուցելու եւ ԴԱԻՇ-ի կողմից իրականացված ցեղասպանության օրվանից ի վեր տեղահանված ավելի քան 300,000 մարդ վերադարձնելու քաղաքականությունը»,- նշված է հայտարարությունում:
Նրանք շեշտել են, որ ցեղասպանության ծրագրերը հաջողվում են, երբ դրանք պատասխանատվության չեն ենթարկվում, ավելին՝ «տնկում են համայնքների բազմասերնդային բնաջնջման սերմեր»՝ հավելելով, որ «մեր համայնքները վկան են, թե ինչպես է մարդկությունը, սարսափելի հետեւանքներ կրելով, վճարում, երբ արդարություն չի պահանջվում»:
«Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ԱՄՆ Կոնգրեսի ճանաչումից հետո, կարեւոր իրադարձություն է, որի առթիվ մենք կոչ ենք անում լիարժեք, համապարփակ կերպով ճանաչելու ցեղասպանության բոլոր ակտերը, որոնք նույնպես արժանի են ճանաչման»,- ընդգծված է համատեղ հայտարարությունում:
Հայտարարությունը ստորագրել են Yazda — Yazidi Global Organization (ԱՄՆ), The Zovighian Partnership (Լիբանան), Shams Humanitarian NGO (Հայաստան), Coalition for Genocide Response (Մեծ Բրիտանիա) եւ Emma Organization for Human Development Assyrian Policy Institute (ԱՄՆ) կազմակերպությունները։