Այն, որ Երեւանի ավագանու ընտրությունն անցավ բավական պասիվ ու գրեթե ալարկոտ, նկատելի էր անզեն աչքով էլ:
Երբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ընտրությունների ավարտին ազդարարեց, որ 20:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 234 հազար 553 քաղաքացի կամ ընտրողների 28.46%-ը, դա շատերին չզարմացրեց։
Կարելի է ասել՝ գործող անիշխանությունը գերազանցեց վերջին 5 տարվա բոլոր ռեկորդները: Մի կողմ թողնենք սեփական երեխաների ճակատագրի հանդեպ երեւանցիներիս՝ ընտրատեղամաս չներկայանալու սոցիալ-հոգեբանական, քաղաքական ու այլեւայլ դրդապատճառները. դրանք վիճելի են, հաճախ անհիմն, երբեմն սուբյեկտիվ ու նաեւ երրորդական:
Ավելի հավանական է, որ ընտրությունը բոյկոտելու որոշումը երեւանցիների մեծ մասն ընդունել էր ընտրությունից շատ առաջ, սակայն ծանուցագրերը չստանալու հանգամանքն էլ մասնակցել-չմասնակցելու միջեւ տատանվող ընտրողների համար վճռորոշ դարձավ:
Անվիճելի է սակայն մի բան. ընտրությունների ու հանրաքվեների ժամանակ պասիվ քվեարկությունը ձեռնտու է միայն իշխանությունն ամեն գնով պահելու ձգտող եւ վերարտադրման համար ոչ մի հիմնավոր փաստարկ չունեցող իշխող ուժին:
Աչքաթող արված բացակայություն
Բնականաբար, Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին իշխանությունն ամեն ինչ արել էր՝ ընտրողի խանդավառությունը մարելու եւ սեփական քվեի կարեւորության հանդեպ անվստահություն ներշնչելու համար. «գնամ-չգնամ՝ բան չի փոխվելու», «ում էլ ընտրեմ՝ նույնն է լինելու»:
Բացի նրանից, որ արդեն երրորդ տարին անիշխանության մեղքով մարդկանց մեջ կատարյալ անորոշություն ու ապագայի հանդեպ անբացատրելի տագնապ կա, ինչը չէր կարող չանդրադառնալ ընտրություններով մասնակցության վրա, այդուհանդերձ, ընդգծենք․ քվեարկությանը չներկայանալու խայտառակ ցածր տոկոսի հիմնական, գուցեեւ ոչ վճռորոշ պատճառներից մեկն էլ, թերեւս, ծանուցագրերի համատարած ու, միաժամանակ, աչքաթող արված բացակայությունն էր:
Ակամա խոստովանություն
Այդ փաստն այնքան ակնառու էր, որ ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը դրա մասին ստիպված եղավ խոստովանել սեպտեմբերի 17-ի մամուլի ասուլիսում՝ հանձնաժողովի իրավիճակային կենտրոն ստացված զանգերի բնույթի վերաբերյալ հաշվետվություն տալիս: Ըստ ԿԸՀ անդամի՝ «քաղաքացիների դժգոհությունների մեծ մասը հիմնականում վերաբերում էր ընտրողներին ծանուցում չուղարկելուն»։
«Ալիք Մեդիան» ԿԸՀ անդամի «խոստովանությունից» էլ շատ առաջ դեռ բացահայտել էր, որ Երեւանի համայնքներում սեփական քաղաքացիական պարտքը գիտակցող ու չգիտակցող շատ ընտրողներ ընտրություններին նախորդող օրերին, ընդհուպ սեպտեմբերի 16-ին, այդպես էլ չեն ստացել սեպտեմբերի 17-ին նշանակված Երեւանի ավագանու ընտրություններին առնչվող ծանուցագրերը: Մարդիկ տեղեկացված են ընտրության օրվա մասին, սակայն փոփոխության ենթարկված իրենց ընտրատեղամասի թիվն ու հասցեն այդպես էլ չեն իմացել:
Հավակնություններով՝ արեւմտամետ, բնույթով՝ գավառական
Ոչ մի տեղեկություն չկա, որ ավանդական թղթե ծանուցագրերին զուգահեռ (կամ դրա փոխարեն) մարդկանց քվեարկության օրվա, տեղի եւ ժամանակի մասին ծանուցումներ է ուղարկվել SMS հաղորդագրություններով: Կարող էր, չէ՞, իշխանությունը նման «продвинутый» եղանակի դիմեր ու ծանուցագրերի բացակայությունը այդկերպ փոխհատուցեր։ Բայց իշխանությունը չէր կարող դիմել նման քայլի այն պարզ պատճառով, որ շահերի բախում կտեսներ. բա որ մարդիկ լուրջ ընդունեին ու գնային ընտրությա՞ն: Այլ կերպ ասած, խախտվել են ծանուցում չստացած ընտրողների իրավունքները. նրանք չեն տեղեկացվել, թե որն է իրենց՝ տեղական իշխանիկների քմահաճույքով փոխված նոր ընտրատեղամասի հասցեն:
Եթե անգամ ընտրողներին պետռեգիստրի միջոցով հաջողվել է պարզել իրենց ընտրատեղամասերի փոփոխված թիվն ու հասցեն, միեւնույնն է, պետությունը պարտավոր է յուրաքանչյուր ընտրության նախօրեին ծանուցում ուղարկել նրանց (անգամ, երբ դա սպառնում է իր վերարտադրությանը):
Մեր հպանցիկ ուսումնասիրությունը
«Ալիք Մեդիան» գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ պարզելու, թե պետական որ մարմինների հետ է ոստիկանությունը համագործակցում ընտրողներին ծանուցագրերը հասցնելու հարցում: Քանի որ ոստիկանությունից չշտապեցին պատասխանել մեր այդքան հրատապ հարցին, ստորեւ հղում ենք անում ԻՐՏԵԿ իրավական կայքէջին, որտեղ գտանք կոնկրետ ծանուցագրերին առնչվող միակ քիչ թե շատ հրապարակային փաստաթուղթը:
Ծանուցագրերի հարցը լուծում են ոստիկանությունն ու ՀայՓոստը՝ համատեղ
ՀՀ ոստիկանության պետի 2006 թվականի մայիսի 31-ի N 3-Ն եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի 2006 թվականի մայիսի 24-ի N 132-Ն եւ 2006 թվականի հունիսի 16-ի հաստատված համատեղ հրամանը:
Համատեղ հրամանում սահմանվել է ընտրությունների ժամանակ քվեարկության օրվա, տեղի եւ ժամանակի մասին ընտրողներին ծանուցելու կարգը: Այն սահմանվել է ըստ ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1389-Ա որոշման 4-րդ կետի «բ» ենթակետի:
Ըստ այդմ, ընտրությունների ժամանակ քվեարկության օրվա, տեղի եւ ժամանակի մասին ընտրողները ծանուցվում են (տեղեկացվում են) ծանուցագրերի միջոցով: Ընտրություններից առնվազն 30 օր առաջ, ամենօրյա պարբերականությամբ եւ համամասնորեն, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը կամ համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարը այդ օրվա դրությամբ ընտրողների ճշգրտված եւ վերանայված ցուցակները բնակիչների ճշգրտված հասցեներով եւ ընտրական տեղամասերի հասցեներով, մագնիսական կրիչով եւ հանձնման-ընդունման ակտով սկսում է տրամադրել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը:
Հասցեների վերջին խմբաքանակը տրամադրվում է ընտրություններից ոչ ուշ, քան 20 օր առաջ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված սակագներին համապատասխան պայմանագրային հիմունքներով ծանուցագրերի փոստային առաքման գործընթացն իրականացնելու համար: «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունն ընտրություններից մինչեւ 2 օր առաջ ապահովում է ընտրությունների ժամանակ քվեարկության օրվա, տեղի եւ ժամանակի մասին ընտրողներին ծանուցագրերի հանձնման գործընթացը` հասարակ նամակների տեսքով:
Եթե վերոնշյալ հրամանը տեղեկատվական հնարավորությունների այս ժամանակաշրջանում անախրոնիզմ է համարվում կամ այս տարիների ընթացքում փոփոխության է ենթարկվել կամ էլ այլեւս իրավական ուժ չունի, եւ ծանուցագրերին առնչվող ամբողջ գործառույթը դրվել է այլ կառույցների վրա, դա չի արդարացնում իշխանության պահվածքը. ցանկացած պարագայում մարդիկ պետք է ստանան իրենց հասանելիք տեղեկությունը՝ թղթի վրա տպված ծանուցումը:
Արդյունքը նույնն է
Գուցե իշխանությունը, որը, ինչպես հայտնի է, ռեսուրսներ չէր խնայել իր թեկնածուի նախընտրական բուկլետների տպագրման ու տարածման համար, որոշել է խնայել ծանուցագրերի տպագրման վրա՝ միաժամանակ գիտակցելով, որ այդ խնայողության շնորհիվ ավելի քիչ մարդ կներկայանա ընտրատեղամասեր:
Ընդ որում, ծանուցագրերի տպագրման եւ առաքման ծախսերը, պարզվում է, այնքան էլ համեստ չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից. որպես օրինակ բերենք 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Հայաստանի սահմանադրական բարեփոխումների (կիսանախագահականից կառավարման խորհրդարանական համակարգի անցման) հանրաքվեն, որի վերաբերյալ ծանուցագրերի պատրաստման վրա պետությունը ծախսել է մոտ 200 միլիոն դրամ: Իսկ թե ինչքան էր կազմելու Երեւանի ավագանու ընտրությունների ծանուցագրերի տպագրման ծախսը, ընտրողներիս համար էական չէ:
Ներգաղթյալների ընտրությունից մինչեւ բնիկների արտագաղթ
Մինչդեռ իշխանության համար լավ էլ էական է. ռեսուրսներ խնայելու «սրտացավությունը» լինի պատճառը, թե պատկան մարմինների՝ տպագրված ծանուցագրերը հասցեատիրոջը հասցնելու գործում պարտականությունների թերացումը, արդյունքը նույնն է. ավագանու ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 71,54 %-ը չմասնակցեց ընտրություններին, եւ ծանուցագրեր չստանալու պարագան խաղաց իր դերը:
Այդ բացը, իշխանության իսկ խոստովանությամբ, թերեւս լրացրեցին օտար քաղաքում քաղաքագլուխ ընտրելու բացառիկ հնարավորությունը ստացած «ռելոկանտ» օտարազգի ներգաղթյալները, որոնց համար մեկ է, իսկ մեզ համար՝ կարեւոր՝ ում ընտրել Երեւանի քաղաքապետ եւ հանուն ինչ արժանիքների:
Ռոբ Մանուկյան