Երեւանը տարածաշրջանի քաղաքներից ամենաթանկն է ապրելու համար։ Միջազգային Mercer կազմակերպությունը հրապարակել է քաղաքներում բնակության արժեքները՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք՝ անշարժ գույքի գները, առողջապահության, կրթության, տրանսպորտի եւ հանրային այլ ծառայությունների արժեքներն ու մակարդակը։
Նախորդ տարվա համեմատ Երեւանի ցուցանիշը փոխվել է 56 կետով՝ զբաղեցնելով վարկանիշային ցուցակի 141-րդ տեղը։
Տարածաշրջանի մյուս քաղաքներից Բաքուն վարկանիշային ցուցակում 177-րդն է, Թբիլիսին՝ 181-րդը։ Ըստ նշված վարկանիշային ցանկի՝ ապրելու համար աշխարհի ամենաթանկ քաղաքներն են Հոնկոնգը, Սինգապուրը եւ Ցյուրիխը, իսկ Հավանան, Կարաչին եւ Իսլամաբադը ամենաէժանն են։
Տարբեր ուսումնասիրություններով՝ Երեւանում ապրելը մարդու գրպանին ամսական կարող է նստել նվազագույնը 250 հազարից մինչեւ 350 հազար դրամ։ Նշված արժեքը ներառում է բնակարանի վարձակալության, սննդի եւ հանրային տրանսպորտի արժեքները։ Առողջապահության եւ կրթության ծախսերը նշված գումարի չափը կավելացնեն շուրջ 150 հազար դրամով։