Ուսուցիչների համար թվային հմտությունների դասընթաց կկազմակերպվի։ Նախաձեռնությունը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամինն է (EIF)՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն համակարգչային հիմունքներ, տեղեկատվական գրագիտության սկզբունքներ, թվային բովանդակություն ստեղծող MS Office: Word, Excel, Google Doc, Web, Canva եւ այլ գործիքներ։ Ուսուցիչներին հնարավորություն կընձեռվի հմտանալու կրթական առցանց Kahoot, Quizlet եւ այլ գործիքներով, ինչպես նաեւ Zoom, Teams, Gmail, Google Meet եւ այլ հաղորդակցման հարթակներով։ Մասնակիցները կվարժվեն աշխատելու նաեւ Trello, Asana, Google Workspace եւ այլ ծրագրերի կառավարման գործիքներով եւ կտիրապետեն թվային էթիկետի եւ թվային անվտանգության կանոններին:
Դասընթացին կարող են մասնակցել մինչեւ 29 տարեկան մանկավարժները կամ համապատասխան մասնագիտությամբ ավարտական կուրսերի ուսանողները։
Ուսուցիչները դասընթացին մասնակցելու համար պետք է մինչեւ սեպտեմբերի 22-ը ներառյալ լրացնեն առցանց հայտաձեւը: Դասընթացը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին եւ կտեւի 2 ամիս։ Մասնակցությունն անվճար է, ձեւաչափն՝ առցանց: