Պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին Facebook–ի իր էջում հրապարակել է Ֆրանսիայի խորհրդարան ներկայացրած բանաձեւի նախագիծը, որով կոչ է արել պահանջել Ադրբեջանից վերադարձնել ռազմական գործողությունների հետեւանքով գերեվարված զինծառայողներին եւ քաղաքացիական անձանց:
Ֆրանսիացի պատգամավորը նշել է, որ Արցախում Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո Ադրբեջանի իշխանությունները հայ զինվորներից շատերին դեռ անազատության մեջ են պահում, ինչը հակասում է Ժնեւի կոնվենցիային եւ միջազգային իրավունքով սահմանված նորմերին:
«Ֆրանսիան Ադրբեջանին պետք է կոչ անի ազատ արձակել նրանց, դա է իմ բանաձեւի իմաստը»,- ընդգծել է Ֆրանսուա Պուպոնին՝ շնորհակալություն հայտնելով բանաձեւը ստորագրած իր գործընկերներին։
Հիշեցնենք` հրադադարի հաստատումից ի վեր Հայաստան է վերադարձվել 70 հայ գերի։ Իսկ թե քանի գերի դեռ կա Բաքվում, ստույգ թիվ չի նշվում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ գերիների թիվը կարող է հասնել 300-ի։ Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ վերադարձրել է բոլոր գերիներին, իսկ իրենց մոտ մնացածները «ահաբեկիչներ» են։