Հայաստանի ազգային գրադարանը սեպտեմբերի 22-ին՝ 11։00-ին, կհյուրընկալի ժամանակակից ուկրաինացի բանաստեղծ, քաղաքական եւ հասարակական գործիչ, Լվովի նախկին քաղաքապետ Վասիլ Կույբիդային: Ուկրաինայում Հայաստանի դեսպանության հետ համատեղ գրադարանում կանցկացվի բանաստեղծի «Բանի առեղծվածը» ուկրաիներեն-հայերեն բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Գրքի թարգմանիչը Անուշավան Մեսրոպյանն է, ձեւավորողը՝ ուկրաինահայ գեղանկարիչ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր Բորիս Եղիազարյանը:
Վասիլ Կույբիդան հեղինակ է բանաստեղծությունների 12 ժողովածուների, թարգմանվել է լեհերեն, բուլղարերեն, անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն, ռուսերեն: Նա ֆիզիկամաթեմատիական եւ իրավաբանական գիտությունների թեկնածու է, պետական կառավարման գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի վաստակավոր իրավաբան:
Անուշավան Մեսրոպյանը թարգմանում է ուկրաիներենից հայերեն եւ հայերենից ուկրաիներեն: Նրա թարգմանությամբ ուկրաինացի ընթերցողը ծանոթացել է հայ ժամանակակից գրողների՝ Լեւոն Խեչոյանի, Աղասի Այվազյանի, Վանո Սիրադեղյանի, Զահրատի, Սոնա Վանի, Վրեժ Իսրայելյանի, Արամ Պաչյանի եւ այլ գրողների ստեղծագործություններին: