Համայնքները կզարգանան միայն այն դեպքում, եթե բնակիչները դեմ չլինեն փոփոխություններին եւ պատրաստ լինեն ձեռք բերելու նոր գիտելիքներ ու հմտություններ։
Ախուրյան բազմաբնակավայր համայնքի զարգացման, բնակիչներին կարողություններով զինելու նպատակով «CapSLoc. Կարողունակ եւ կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն անցկացրեց «Տեղական աշխատողների ակադեմիայի» առաջին դասընթացը։
Մասնակցեցին Ախուրյան համայնքում նախապես ձեւավորված համայնքային ակտիվ թիմի անդամներ շուրջ երեք տասնյակ գյուղերից: Ներկայացուցիչները ինչպես տեղական ինքնակառավարման մարմիններից, այնպես էլ մասնավոր հատվածից էին։
Դասընթացի անցկացման առաջին օրվանից մասնակիցները միջազգային փորձագետների օգնությամբ ուսումնասիրեցին, թե ինչ է լավ կառավարումը, եւ թե իրենց իսկ գյուղի առաջընթացի համար որքան առանցքային դեր ունեն համայնքում ճիշտ ղեկավարումն ու ներգրավվածությունը:
Հայկավանցի 18-ամյա Վարդանն առաջին անգամ էր մասնակցում ոչ ֆորմալ կրթական ծրագրի եւ նշում է՝ սովորեց, որ չպետք է կենտրոնանալ միայն հետեւանքի վրա, այլ պետք է վերլուծել ու հասկանալ պատճառները:
Վահրամաբերդ գյուղի բնակիչ Հռիփսիմե Մկրտչյանը եւս գոհ է տեղական ինքնակառավարման ոլորտում ստացած կիրառելի գիտելիքներից։ «Հասկացա, որ առաջնորդ լինելը միայն մարդկանց խմբին կառավարելը չէ, այլ նրանց հետ հավասար մասնակցելը դժվարությունների հաղթահարման գործընթացին, նրանց լսելն ու օգնելը, մոտիվացնող միջավայր ստեղծելը»,- նշում է 21-ամյա Հռիփսիմեն եւ հավելում, որ ձեռք բերած գիտելիքները կնպաստեն հետագայում դառնալու լավ առաջնորդ, օգնելու համայնքին՝ վերհանելու խնդիրները եւ ճիշտ լուծումներ տալու դրանց։
Հնգօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան նաեւ ինքնակառավարման նրբություններին, սովորեցին կարեւորել իրենց մասնակցությունը համայնքի կառավարման գործընթացում: Բազմազան օրինակներով էլ յուրացրին աշխարհում առաջնորդության շնորհիվ դրական փոփոխությունների դասեր:
Տեղական աշխատողների ակադեմիայի առաջին մոդուլի առաջին խմբին մասնակցեցին 27 շիրակցիներ, ամսվա վերջին էլ նախատեսվում է ակադեմիայի երկրորդ խմբի դասընթացը:
Նշենք, որ «CapSLoc․Կարողունակ եւ կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրը կյանքի է կոչվում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Այն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման», «Հայկական Կարիտաս» եւ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ների հետ համատեղ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։