Ըստ ABC News-ի՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ռազմանավը նախազգուշական կրակոցներ է արձակել իրենից 68 յարդ (շուրջ 62 մետր) հեռավորության վրա իրանական փոքր ռազմանավերի ուղղությամբ:
Պարսից ծոցի հյուսիսային մասում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի երեք արագընթաց ռազմանավերը մոտեցել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Firebolt պարեկանավին եւ ԱՄՆ-ի առափնյա պահպանության Baranoff ռազմանավերին:
Ամերիկյան անձնակազմները ռադիոկապով եւ այլ սարքերով մի քանի անգամ նախազգուշացրել են իրանական նավերին, բայց վերջիններս շարունակել են վարժանքները եւ մի կողմ են քաշվել միայն նախազգուշական կրակոցներից հետո:
Ըստ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հայտարարության՝ իրանական ռազմածովային նավատորմի գործողությունները չեն համապատասխանել միջազգային ծովային գործողությունները կանոնակարգող կանոններին եւ մեծացրել են բախումների վտանգը:
ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ կենտրոնական հրամանատարության 55-րդ օպերատիվ խմբի հսկողության ներքո գործող առափնյա պահպանության նավերը Պարսից ծոցում ծառայություն են իրականացնում 2003-ից: