Լույս է տեսել Արմեն Շեկոյանի «Երեւան հյուրանոց» բանաստեղծությունների ժողովածուն՝ նվիրված բանաստեղծի ծննդյան 70-ամյակին։ Գիրքը 2003 թվականի համանուն ժողովածուի թեթեւակիորեն խմբագրված վերահրատարակումն է՝ համալրված ձեռագիր եւ մինչ օրս անտիպ բանաստեղծությունների ընտրանիով: Անտիպները վերցված են երկու կարմիր գրքույկներից, որոնցում հեղինակն առանց հատուկ հաճախականության եւ ընդմիջումներով գրել է դեռեւս 1980-ականներից։ Գրքի կազմողը եւ խմբագիրը, ինչպես նաեւ առաջաբանի հեղինակը Սեդա Շեկոյանն է՝ բանաստեղծի դուստրը:
«Հորս կարմիր գրքույկներից՝ լցված խնամքով գրված, բազմիցս ջնջված եւ ուղղված ձեռագրերով, սեւագրություններով, տարբեր գույներով արված միջամտություններով, ծաղիկների եւ զարդանախշերի հյուսվածքներով, հաճախ անընթեռնելի եւ անվերծանելի հետքերով, լուսանցք նետված բառերով եւ լուսանցքում թողած նշումներով, առանձնացրել եմ հիսունից ավելի բանաստեղծություն՝ դրանց տալով պայմանական «Անտիպներ Կարմիր Գրքույկներից» վերնագիրը»,- նշել է Սեդա Շեկոյանը։
Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը՝ «Կարդալիք» շարքով: