Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ սեպտեմբերի 19-ին՝ 11։00-ին, Երեւանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանություն։
Ըստ ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1-ին մասի` բոլոր ընտրատարածքներում տեղի կունենա առնվազն երեք տեղամասի արդյունքների պարտադիր վիճակահանություն։ Ընտրական օրենսգրքի նույն հոդվածով՝ վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 19-ին՝ 14։00-ին, եւ կավարտվեն սեպտեմբերի 22-ին՝ 14։00-ին։ Վերահաշվարկի աշխատանքները եւս կհեռարձակվեն ԿԸՀ կայքում։
Վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա լինել յուրաքանչյուր կուսակցությունից մեկ վստահված անձ եւ թեկնածու, ինչպես նաեւ դիտորդական առաքելության եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Սեպտեմբերի 18-ին «Մայր Հայաստան» դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը հայտարարել էր, որ իրեն հասած տեղեկություններով՝ իր պարտությունը շատ ծանր տարած իշխանությունը սեպտեմբերի 19-ին բոլոր տեղամասային ընտրատարածքներում «ուզում է վերահաշվարկի միջոցով կեղծել եւ վերանայել ընտրության արդյունքները, եւ այդ մեկ մանդատը խլել մեր ժողովրդից»։