X (Twitter)-ի օգտատերերը հարթակ մուտք գործելու համար շուտով ստիպված կլինեն վճարել: Դրա մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցի ժամանակ, ըստ BBC-ի, հայտնել է Իլոն Մասկը։ Գործարարը կարծում է, որ վճարովի հասանելիությունը բոտերին դիմակայելու միակ միջոցն է։ «Մենք անցնում ենք ամսական սիմվոլիկ վճարի՝ հարթակն օգտագործելու համար»,- ասել է Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավարը։
Մասկը նշել է, որ ընկերությունը ներկայում ավելի էժան տարբերակներ է փնտրում օգտատերերի համար։ «Իրականում մենք մտադիր ենք գներն ավելի իջեցնել։ Այս խնդիրն ավելի խոր քննարկման կարիք ունի, բայց, ըստ իս, սա բոտերի հսկայական բանակից պաշտպանվելու միակ ելքն է»,- հավելել է գործարարը:
Ընկերությունը դեռ չի մեկնաբանել Մասկի հայտարարությունը։