Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ այն նույն ժամանակ, երբ միջնորդներն Արցախին իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում, Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնում Արցախի/Լեռնային Ղարաբաղի դեմ, թիրախավորվում են նաեւ քաղաքացիական համայնքների շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ «Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ»,- X-ի (թվիթերի) իր գրառման մեջ գրել է Արցախի ՄԻՊ-ը։
Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ամիսներ շարունակված Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային հանրության ձախողումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ հարձակման։
«Միջազգային դերակատարների՝ Արցախում շրջափակումը չեղարկելու եւ ցեղասպանությունը կանխելու ձախողումը կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ ռազմական հարձակում սկսելու շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների դեմ»,- նշված է Լեռնային Արցախի ԱԳՆ-ն X-ի (նախկին Twitter) գրառման մեջ։