Ադրբեջանը պահանջում է հայ զինվորականների անվերապահ և ամբողջական դուրսբերումը Ղարաբաղի տարածաշրջանից և «այստեղ ստեղծված անջատողական ռեժիմի լուծարում»,- հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Ձեռնարկված միջոցառումների նպատակը բացառապես ապօրինի հայկական ռազմական կազմավորումներն ու ռազմական ենթակառուցվածքներն են»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն ընդգծում է, որ Բաքուն բազմիցս հայտարարել է, որ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հռչակագրի դրույթների՝ «Հայաստանի զինված ուժերը դեռ դուրս չեն բերվել Ղարաբաղից, և նրանց ներկայությունը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»։
«Տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու միակ ճանապարհը Հայաստանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից և ինքնահռչակ ռեժիմի լուծարումը»,- նշում է ԱԳՆ-ն։