Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իտալական Repubblica թերթին տված հարցազրույցում առաջարկել է իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպել Վատիկանում։
«Սուրբ Աթոռը կարող է իդեալական վայր լինել Դոնբասում խաղաղության շուրջ երկխոսության համար»,- նշել է Զելենսկին։
Նա համոզմունք է հայտնել, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումը անպայման տեղի կունենա։ «Դա անհրաժեշտ է Դոնբասում պատերազմը դադարեցնելու եւ խաղաղ գործընթացն ավարտելու համար»,- հավելել է Զելենսկին:
Վատիկանի դիվանագիտական աղբյուրները նշել են, որ Զելենսկու հայտարարությունն իրենց հետ համաձայնեցված չէ։
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւս հայտնել է, որ Մոսկվան Վատիկանում հանդիպում անցկացնելու հրավեր չի ստացել։
Բանակցելու ցանկությունը չի խանգարել, որ Զելենսկին հայտարարի, թե ուկրաինական բանակը ցանկացած պահի պետք է պատրաստ լինի հետ մղելու Ռուսաստանի հարձակումը։
Սրա մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է Ղրիմի թերակղզուն սահմանակից շրջաններ այցի ժամանակ։
Այցի ընթացքում նա շփվել է Խերսոնի մարզում՝ Ղրիմի վարչական սահմանի երկայնքով տեղակայված ուկրաինական ստորաբաժանումների զինծառայողների հետ։
Ուկրաինայի նախագահի այցը երկրի հարավային շրջաններ մեկնարկել է ռուսական զորքերի՝ Ուկրաինայի սահմանից հետքաշմանը զուգահեռ։