Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սեպտեմբերի 19-ին ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ, նրանց թվում՝ կանայք, տարեցներ եւ երեխաներ: Դրա մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարարությունը։
Ներկա պահին Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում 80 վիրավոր կա, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձինք են։ Ցավոք, արձանագրվել է մահվան 5 դեպք։ Տեղեկացնում ենք, որ բժիշկները կատարում են հնարավոր բոլոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար:
Վիրավորված 9 երեխաներից 3-ը ծանր վիճակում են
Ադրբեջանի սանձազերծած նոր ագրեսիայի հետեւանքով Արցախում վիրավորված ինը երեխաներից երեքը ծանր վիճակում են։ Արցախի հանրային հեռուստաընկերությունը հաղորդել է, որ երեխաներից մեկը վիրահատարանում է՝ ներքին արյունահոսություն ախտորոշմամբ, մեկ երեխա արդեն վիրահատվել է՝ կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվածքով, եւս մեկ երեխա՝ ծանր գանգուղեղային վնասվածքով, պատրաստվում է վիրահատության։ Մյուս 6 երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք բեկորային վնասվածքներ ունեն:
Վիրավոր երեխաներից մեկի պապը պատմել է` ընտանիքին ցանկացել է տեղափոխել ապաստարան, երբ տեղի է ունեցել հրետակոծությունը։ «Մեքենայով ուզում էի փախցնել «պադվալ», ես էի, երկու թոռներս ու կինս։ Թոռս ու կինս վիրավորվել են, հիմա կնոջս էլ են վիրահատում, թոռս էլ այստեղ է, իրեն են վիրահատում»,– ասել է արցախցին։
Մեկ ուրիշ երեխայի հարազատն էլ նշել է` ծառի տակ նստել են, որպեսզի կրակոցները հանդարտվեն, կարողանան դուրս գալ, այդ պահին հենց հրետակոծությունը տեղի է ունեցել, արկը ընկել է երեխաների առջեւ, բոլորը վիրավորվել են։