Եվրախորհրդարանը ԵՄ խորհրդին կոչ է արել քննարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ ԼՂ-ում ռազմական գործողությունների համար պատժամիջոցներ սահմանելու հարցը։
Սեպտեմբերի 19-ին ավելի վաղ Լիտվայի, Գերմանիայի եւ Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ հրադադար հաստատել։
Լիտվայի արտգործախարար Գաբրիելիուս Լանդբերգիսը հայտարարել է, որ Ղարաբաղի հայերի նկատմամբ ամիսներ տեւած շրջափակումից հետո Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները խաթարում են տեւական խաղաղություն հաստատելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը։ «Կոչ ենք անում անհապաղ հրադադար հաստատել եւ սկսել երկխոսություն Բաքվի եւ Ղարաբաղի հայերի միջեւ, քանի որ դա խաղաղ համակեցություն տանող միակ ճանապարհն է»,– X-ի իր գրառման մեջ նշել է Լանդբերգիսը։
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության նախարար Անալենա Բերբոկն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի գնդակոծությունները եւ վերադառնա բանակցությունների սեղանի շուրջը։ Բերբոկն ընդգծել է, որ իրենք աջակցում են ԵՄ–ի ղեկավարության ներքո ընթացող բանակցություններին։
Իսկ Ավստրիայի ԱԳՆ-ն խիստ անհանգստություն է հայտնել Հարավային Կովկասում տեղի ունեցած հարձակումից։ Նրանք կոչ են արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն։ Շեշտել են` հենց հիմա դեէսկալացիա է պետք։
Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն էլ տելեգրամյան ալիքի իր գրառման մեջ նշել է, որ Ադրբեջանը կրկին հարձակում է գործում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայ ժողովրդի դեմ։ «Սեփական բնօրրանում հայերի էթնիկ զտման եւ բնաջնջման ռիսկն ակնհայտ է, մինչդեռ միջազգային հանրությունն այլ կողմ է նայում»,-շեշտել է Իսպանացի պատգամավորը: