ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին դեսպանատան շենքը շրջափակած ցուցարարների առնչությամբ։ Հայաստանում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը նշել է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնելու վերաբերյալ համացանցում տարածված կոչերից հետո դիվանագիտական առաքելությունն արգելափակվել է շենքում։ Սկզբում արգելափակումը մասնակի էր, իսկ ներկայում արդեն` ամբողջությամբ։ Դեսպանության բնականոն գործունեությունը ներկա դրությամբ անհնար է:
«Կապի մեջ ենք Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ: Նոտա ենք հղել ՀՀ ԱԳՆ՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան դեսպանության բնականոն գործունեությունը վերականգնելու համար միջոցներ ձեռնարկելու նպատակով»,– ասել է Գուչկովը։
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը բացահայտ սուտ եւ սպեկուլյացիա է համարում ԼՂ–ում մարտական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո հայտարարություններն, ըստ որոնց Մոսկվան տեղյակ էր Բաքվի մտադրությունների մասին, սակայն չի զգուշացրել Երեւանին։
Նշվում է, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է հանդես եկել եւ հանդես գալիս այս հակամարտության ուժային լուծման ցանկացած փորձի։ Դս է պատճառը, որ ռուսական կողմն անմիջապես հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնելու ռազմական գործողությունները եւ վերադառնալու քաղաքական ու դիվանագիտական կարգավորման ուղուն։ «Որպես պատասխանատու միջնորդ Մոսկվան միշտ արել եւ անում է ամեն բան Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների հիման վրա տարածաշրջանում խաղաղ կարգավորման համար պայմանների եւ նախադրյալների ձեւավորման համար»,- նշված է ՌԴ դեսպանատան պարզաբանման մեջ։