ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ Ալիեւի հետ զրույցում Բլինքենը կոչ է արել Բաքվին անհապաղ դադարեցնել «ռազմական գործողությունները» եւ զսպվածություն ցուցաբերել։ Պետքարտուղարը, մատնանշելով ռազմական լուծման անհնարինությունը, Բաքվին առաջարկել է Ղարաբաղի հայերի հետ խնդիրները լուծել երկխոսության միջոցով։ Նա մեջբերել է նախագահ Ալիեւի խոսքը, որ նա «պատրաստ է դադարեցնելու ռազմական գործողությունները»։ Բլինքենն ասել է, որ կողմերը պետք է մոտենան բանակցությունների սեղանին։
Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը մտահոգությամբ հետեւում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Շեշտելով, որ երկխոսության կոչ է անում Ադրբեջանի հետ՝ Բլինքենը հավելել է. «ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը»։