Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգել է ԼՂ-ում Ադրբեջանի սկսած նոր լայնածավալ ագրեսիային: Հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ-ում ցեղասպանության գրեթե բոլոր նշաններն այժմ ակնհայտ են, թեեւ արեւմտյան առաջնորդներն անտեսում են դրանք։ «Խաղադրույքներն աներեւակայելի բարձր են եւ ոչ միայն հայերի համար։ Եթե միջազգային հանրությունը ձեռքերը ծալած նստի՝ հետեւելով տեղի ունեցող ցեղասպանությանը, դա կարող է նշանակել աշխարհակարգի բազմակողմանիության ավարտ»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է նաեւ, որ ցեղասպանությունները դժվար է պատկերացնել, քանի դեռ դրանք տեղի չեն ունեցել։ Երբ դրանք սկսվեն, գրեթե անհնար է կանգնեցնել: Այդ պատճառով 75 տարի առաջ միջազգային հանրությունը համաձայնեցրեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» 1948 թվականի կոնվենցիան։
Հույս կար՝ համապատասխան ինստիտուտների առկայության դեպքում գուցե կարողանանք բացահայտել այս տեխնածին աղետը մինչ դրա տեղի ունենալը եւ կանխել այն: «Այս անգամ մենք ունենք ինստիտուտներ, որոնք կարող են կանգնեցնել Հայոց ցեղասպանությունը։ Հարցն այն է, թե արդյոք մենք կօգտագործենք դրանք»,- ասված է հայտարարությունում: